Ադրբեջանի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում Հայաստանը փորձելու է պարզաբանումներ ստանալ, թե արդյոք Ադրբեջանը համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել Եվրոպական Միության միջնորդությամբ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե, ի վերջո, Ադրբեջանը համաձայն է արդյոք, վերահաստատում է արդյոք երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության հետ։
«Այդ երեք սկզբունքները համաձայնեցվել են մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ եռակողմ հանդիպումների արդյունքներով։ Այդ սկզբունքներից առաջինը հետեւյալն է՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կմ։ Երկրորդ սկզբունքը հետեւյալն է՝ որ դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթայի հռչակագիրն է։ Իմիջայլոց, հենց Ալմաթայի հռչակագիրն է հիմնավորումը, թե ինչու ենք մենք ասում, որ Հայաստանի, այսպես ասած, տիտղոսային տարածքը 29 հազար 800 քառակուսի կմ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ձեւավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախանալու միջոցով։ Այսինքն՝ ՀԽՍՀ տարածքով ձեւավորվել է Հայաստանի Հանրապետությունը։ Ալմաթայի հռչակագրով այն ստորագրած 12 հանրապետությունները՝ ներառյալ Հայաստանը եւ Ադրբեջանական Հանրապետությունը, արձանագրել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ սուվերենությունը»,- մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ այս սկզբունքի հետագա զարգացման ընթացքում ձեռք է բերվել ըմբռնում, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-ից 1990 թվականների Խորհրդային Միության ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզները։
Երրորդ սկզբունքը երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ, փոխադարձության եւ հավասարության սկզբունքի հիման վրա՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։
«Հիմա, եթե վերլուծենք հայտարարությունները, հստակ չէ, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաեւ չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը եւ նրբությունները պարզաբանել»,-ասել է վարչապետը։
«Ինչպես գիտեք, գոնե քարտեզների եւ սահմանների մասով քննարկում նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով։ Ինչպես սահմանագծման հարցերով նախատեսվող քննարկումներից, այնպես էլ, եթե էլի բանակցություններ լինեն, հետեւություններ կարվեն, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե հրաժարվում է դրանցից»,- նշել է Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ՝ չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։ «Այս հարցերի պարզաբանումն առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ
Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ Երեւանի հետ առկա հարցերը Մոսկվան պատրաստ է լուծել պրոֆեսիոնալ ձեւով։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից եւ դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը», – նշել է պաշտոնյան։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա, Զախարովայի խոսքով, դրա մասին բազմիցս եւ հանգամանորեն հայտարարել են ինչպես ՌԴ նախագահը, արտգործնախարարը, այնպես էլ ՌԴ նախագահի վարչակազմը եւ արտգործնախարարությունը։
«Առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով՝ Մոսկվայում մշտապես պատրաստ են լուծել բոլոր ի հայտ եկող թեմաները հանգիստ, պրոֆեսիոնալ եւ գործընկերային ձեւով», – ասել է Զախարովան:
ԱՀԱԶԱՆԳԵՐԸ ԿԵՂԾ ԷԻՆ
Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի պալատից բոլոր մարդիկ տարհանվել են պայթյունի վտանգի պատճառով։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պալատի վարչակազմը։
«Դեկտեմբերի 12-ին՝ առավոտյան ժամը 10։20-ին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վերսալի պալատը տարհանում է այցելուներին եւ կվերաբացվի, հենց ավարտվեն ստուգումները», – նշված է X սոցիալական հարթակում պալատի էջում։
Պատմական այս շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ նախկինում նույնպես ստացվել է։ Հոկտեմբերին պալատի շենքից մարդկանց տարհանել էին 7 անգամ. ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ էին եղել։
ԱԿՏԻՎՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Ռուսաստանն ու Իրանն ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարող եմ ասել, որ այս փաստաթղթի վրա շատ ինտենսիվ աշխատանք է տարվում: Այդ աշխատանքները գրեթե ավարտված են. կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ձեզ տեղեկացնել այդ մասին»,- նշել է նա։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը սոցցանցի իր էջում գրում է. «Փաստ է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները նաեւ Հայաստանի կառավարիչների պատճառով չեն կատարվել։
Նիկոլը խախտե՞լ է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, թե՞ ոչ։
Նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
2020-ի դեկտեմբերին Փաշինյանի ռեժիմը խախտեց այս կետն ու մեր զորքերին մի քանի տասնյակ կմ նահանջի հրաման տվեց՝ Ղուբաթլուի շրջանից դեպի Սյունիք՝ դիրքային առավելություն տալով հակառակորդին։
Հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Կողմերի միջեւ համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը»։
Ուշադրություն. միայն 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցվեր Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծը։
Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը։
2021-ի օգոստոսի վերջին ամբողջ Լաչինի շրջանն առանց մեկ կրակոցի զիջեց ադրբեջանցիներին՝ հայաթափելով Լաչինի շրջանը։
Սա նոյեմբերի 9-ի հայտարարության բացահայտ խախտում էր Փաշինյան-Ալիեւ զույգի կողմից։
Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «իրականացվում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակում»։
Հարց Փաշինյանին. քանի՞ ռազմագերի մենք ունենք Բաքվում։
Պատասխան. առնվազն մի քանի տասնյակ։
Այդ դեպքում ինչու՞ ես շարունակել հանդիպումներն Ալիեւի հետ, եթե նա չի կատարել 8-րդ կետի պայմանները…
…Ինչու՞ է Փաշինյանը խախտել այդ կետերը եւ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Ինչու՞… Շրջանառվում են մի քանի վարկածներ։
- Ալիեւի եւ Լուկաշենկոյի բարձրաձայնած 5 մլրդը տեղ է հասել երեւի։
- Հնարավոր է՝ Փաշինյանի մասնակցությամբ կամ իմացությամբ իրականացվել է 2018-ի իշխանափոխության արտաքին դերակատարների՝ Արցախը հանձնելու ու «պատմական կաղապարներից հրաժարվելու» ծրագիրը։
- Չի բացառվում պատմության մեջ որպես «աննախադեպ» մնալու Փաշինյանի «առաքելությունը», թեկուզ «աննախադեպ կապիտուլյանտ» կամ «աննախադեպ ազգակործան պատուհաս» պիտակով։
- Տեսանելի են քաղաքական տգիտության եւ ավանտյուրիզմի միաձուլման էլեմենտներ։
- Կա կարծիք, որ սա Արցախից եւ արցախցիներից «մուռ հանելու» բութ ձգտում էր։
Վարկածները բազմաթիվ են ու չկա վարկածների մեջ գեթ մեկը, որը կարդարացներ Փաշինյանի կողմից բերած աղետները…»: