ՀՐԱՀԱՆԳ Է ՏՐՎԱԾ՝ ՉԱՆԵԼ ԴԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ-ում մեծաթիվ խնդիրների առջեւ են կանգնում: Վերջին շրջանում հատկապես այդ խնդիրներն ավելանում են ՀՀ քաղաքացիություն «չունենալու» ու 070 կոդով անձնագրերը փոխելու վերաբերյալ ներկա իշխանությունների կողմից ներկայացվող պահանջի առումով:

 

Նախօրեին էլ արցախցի մեր հայրենակիցներից մեկը  հայտնել էր, որ ինքը դեռեւս 30 տարի առաջ առաջին անձնագիրը ստացել է ՀՀ-ում, այնուհետեւ՝ Արցախ տեղափոխվելուց ու անձնագրի ժամկետը լրանալուց հետո, հենց այնտեղ երկու անգամ վերաթողարկել եւ  ստացել է 070 կոդով կապույտ անձնագիր:

Արցախյան վերջին իրադարձություններից հետո տեղափոխվել է ՀՀ ու կանգնել փաստի առաջ: Անձնագրայինում նրան հայտնել են, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ իրավունք չունի օգտվելու արցախցիների համար նախատեսված կառավարության օժանդակության ծրագրերից, միեւնույն ժամանակ հայտնել են, որ պետք է 070 կոդով անձնագիրը փոխելու գործընթաց սկսի: Իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեղի ունեցածը գնահատեց որպես քաղաքական կամքով ու նպատակահարմարությամբ լուծվող իրավիճակ եւ հատուկ ուշադրություն հրավիրեց խնդրի վերաբերյալ արցախցիներից ստացած մի շարք ահազանգերի ուղղությամբ.

«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային բաժանմունքները հրաժարվում են արցախցիների համար որեւէ գործընթաց մեկնարկել՝ պատճառաբանելով, որ հրահանգավորված են այդպես վարվել: Այսինքն՝ մարդիկ ցանկացել են վարորդական վկայական ստանալ, իրենց ուղղակի չեն տվել՝ փորձելով քաղաքակիրթ ձեւով հասկացնել, որ հրահանգ է տրված՝ չանել դա»,- ասաց իրավաբանը:

Ըստ Գոհար Մելոյանի՝ ստացվում է, որ կառավարության՝ բնագավառը կարգավորող համապատասխան որոշումը լրջագույն կոլիզիոն իրավիճակների է հանգեցնում: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մարդկանց կա՛մ ստիպում են փոխել անձնագրերն ու նոր անձնագրեր ստանալ, կա՛մ փախստականի կարգավիճակ ձեռք բերել:

Այս ամենից, ըստ նրա, կարելի է եզրակացնել, որ ՀՀ ներկա կառավարության նպատակն է արցախցիներին զրկել կոնկրետ քաղաքական իրավունքներից: Սա առաջին հերթին նշանակում է զրկվել ընտրելու իրավունքից՝ հաշվի առնելով նաեւ հնարավոր արտահերթ ընտրությունների մասին տարածվող խոսակցությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեռեւս 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, արցախցիները Հայաստանում իրավական առումով որեւէ խնդրի չեն բախվել: Մեր հայրենակից Արեգա Հովսեփյանի փոխանցմամբ՝ ինքն անգամ 070 կոդով անձնագրով մասնակցել է 2021 թվականի հայաստանյան համապետական ընտրություններին ու ընդունվել է պետական աշխատանքի: Իրավաբանը, անդրադառնալով այս փաստին, պարզաբանեց, որ արցախցիները նախկինում եւս օգտվել են ՀՀ քաղաքացու իրավունքներից, իսկ քաղաքական իրավունքն իրացնելու համար այստեղ ընդամենը գրանցում են ձեւակերպել:

Ճշտող հարցին, թե արդյոք հիմա նույն գործընթացը հնարավոր չէր իրականացնել, իրավապաշտպանը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով, որ հստակ հրահանգ կա դա չանելու:

«Եզրահանգումն այն է, որ սա քաղաքական նպատակահարմարության հարց է դարձել, որի արդյունքում հազարավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»,- եզրափակեց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԳՆՈՎ

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 8 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը:

 

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի որոշմամբ՝ Երեւան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող՝ 178 մլն 464 հազար դրամ կադաստրային արժեքով, օտարման ոչ ենթակա 638.2 քմ մակերեսով տարածքը կադաստրային արժեքից շուրջ 5 անգամ ցածր գնով՝ 32 մլն 170 հազար 500 դրամով, ուղղակի վաճառքով օտարվել է «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (ընկերության բաժնետերերն են գործարար Ս.Մ.-ն եւ նրա կինը՝ Գ.Ք.-ն):

Գույքը ձեռք բերելուց մեկ տարի անց՝ 2006 թվականի մարտի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս.Դ.-ի կողմից «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Մ.-ին տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի՝ ընկերության կողմից ձեռք բերված՝ Գեղագիտության կենտրոնի շենքի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում եւ կարող է օտարվել: Մինչդեռ, կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ նույն հասցեում գտնվող շենքն ընդգրկված է եղել Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Բացի այդ, ըստ պայմանագրի՝ գույքը ձեռք բերած ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90 մլն դրամի ներդրում, որը չի կատարել, իսկ իրավասու պաշտոնատար անձանց կողմից տեւական ժամանակ որեւէ միջոց չի ձեռնարկվել գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերեւույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գլխավոր դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:

 

 

«ԵՐԵՎԻ ՈՒԶՈՒՄ Է՝ ՍԵՎԱՆՆ ԷԼ ՀԱՆՁՆԻ»

Երեկ Գեղարքունիքի մարզի ձկնորսները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում՝ ուղղված կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ այս շրջանում արգելվում է  Սեւանա լճից սիգի որսը։

Բողոքի ակցիայի մասնակից ձկնորսներից մեկն ասաց, որ նախկինների իշխանության օրոք ժողովուրդն ազատ ապրում էր, ներկայիս իշխանությունը եկավ եւ ժողովրդին դրեց «պռոբկի» մեջ։

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Մարդիկ այլեւս այս ցավին չեն դիմանում, նախկինների ժամանակ կարողանում էինք աշխատել, հիմա չենք կարողանում։ 30 տարի մարդիկ ազատ ապրել են, ազատ, անկախ Հայաստան էր, չէ՞»,- նշեց ձկնորսը։ Ներկաներից մեկն էլ ասաց, որ պահանջում են, որպեսզի ոստիկանները բաց թողնեն բերման ենթարկված իրենց երեխաներին. նրանք անմեղ են։

«Չգիտեմ՝ քանի հոգու են ձերբակալել, 20 է, թե 26, բոլորն էլ անչափահաս են, էլի։

Կներեք, բայց ոստիկանությունն է նախապատրաստված եկել այստեղ, ոչ թե ժողովուրդը։ Լոդկային են խփել, մարդիկ խեդվելուց են փրկվել, իսկ ջրային պարեկները փորձել են փախնել։ Գյուղացիները հազիվ են հասել, սուզվողներին փրկել, ու վեճ է տեղի ունեցել: Լավ է, բախտները բերել է, երեխաներին ջրից հանել են»,- նշեց նա։ Ձկնորսների խոսքով՝ կառավարությունը լճում ո՛չ ձուկ է աճեցրել, ո՛չ էլ դրա հետ առնչություն ունի. 40 տարի ձուկ են բռնել, ձուկ էլ շատ կա։

«Երեւի Նիկոլն ուզում է՝ Սեւանն էլ հանձնի, այդպես եմ պատկերացնում։ Եթե այդպես չէ, ինչո՞ւ է ուզում ժողովրդին սովամահ անել»,- եզրափակեց ձկնորսներից մեկը։ Հիշեցնենք, որ այսօր Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գործադրմամբ կողոպուտի, մի խումբ անձանց կողմից մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, հարմարեցված առարկայի եւ միջոցի գործադրմամբ եւ այդպիսիք գործադրելու սպառնալիքով խուլիգանության, ինչպես նաեւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը՝ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված եւ հարմարեցված առարկայի եւ միջոցի գործադրմամբ միջամտելու դեպքի հանգամանքները։

 

 

 

ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՅՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. այս մասին տեղեկացրին ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն.՝ ծնված 1969 թ.) կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով եւ փրկարարների օգնությամբ մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

 




Լրահոս