Հանրապետության հրապարակի լույսերից մինչ խորոված, բաստուրմա, սուջուխ… Մայրաքաղաքի տոնական «լուքն» արդեն պատրաստ է։ Փայլփլուն փողոցներ, գունավոր տաղավարներ, Ձմեռ պապեր ու էլֆեր… Երեկ ճոխ հրավառությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Այս ամենի համար Երեւանի քաղաքապետարանն ավելի քան 650 հազար դոլար է ծախսել:
Մայրաքաղաքի տոնական պատրաստություններին ու եռուզեռին զուգահեռ հրապարակվում են տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Ծախսերի առյուծի բաժինը լուսավորությանն ու կենտրոնական տոնածառի տեղադրմանն են ուղղվել, գումար է ծախսվել նաեւ վարչական շրջանների ձեւավորման համար։
Արդարացվա՞ծ են նման ծախսերը. քաղաքացիների կարծիքները տարբեր են:
«Մենք կորցրել ենք Արցախը, մեր ոսկե սերունդը. ոչ թե չարժեր, այլ ընդհանրապես ամոթ է», – ասաց քաղաքացիներից մեկը:
«Հո ամեն անգամ չէ, որ մարդիկ իրենց տխուր պետք է պահեն, դրա համար զվարճալի բաներ էլ պիտի լինեն», – նշեց մեկ այլ քաղաքացի:
Այս ծախսերի նպատակահարմարությունից խոսելով՝ անցած ամիս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ասել էր, թե այս ամենն առաջին հերթին երեխաների համար են անում:
«Հիմա են այդ մարդիկ իրենց մանկությունն ապրում, ու պետք է այդ մանկությունը լինի վառ. միայն երեխաները չէ, մենք բոլորս դրա կարիքն ունենք, որովհետեւ շարունակաբար ծանր տրամադրության, կորուստների, զրկանքների, որը մեր հանրությունը կրում է, պետք է նաեւ այդ հանրության կյանքում լինեն վառ կետեր», – ասել է Գրիգորյանը:
Երեւանցիների վճարած հարկերով վարչական շրջաններում ռեստորանային խնջույքներն է՞լ են երեխաների համար… Ավելի քան 3 միլիոն դրամով Նոր Նորքի ընդարձակ, մոդեռն ոճի դահլիճ ունեցող բարձրակարգ ռեստորաններից մեկում, առնվազն 200 անձի համար հյուրասիրություն է կազմակերպվելու։ Քաղաքապետարանը ճաշացանկն էլ է հրապարակել. սեղանին պետք է լինի բաստուրմա, սուջուխ, Ստեռլյադ ձկան, խոզի, հորթի խորոված, 5 տեսակի պանիր եւ այլն.. Կենացները խմելու են բարձրակարգ՝ առնվազն 10 տարվա հնեցման կոնյակով, օղի ու գինի էլ կլինի։ Երեկոյի ընթացքում հանդիսավար՝ թամադա կաշխատի, պարահրապարակն էլ կթեժացնի դիջեյը։ Քանաքեռ -Զեյթունում ավելի համեստ են նշելու. 300 հյուրերը կբավարարվեն խոզի խորովածով, տարբեր աղցաններով ու ժուլիենով։ Հնեցված կոնյակի մասին պայմանագրի մեջ չի նշվում, բայց փոխարենը Քանաքեռում կենդանի երաժշտություն կլսեն:
Քաղաքացիներից մեկը հաջորդ տարվա մենյուի համար խորհուրդներ տվեց. «Ինձ թվում է՝ տասը տարվա կոնյակը քիչ է, պետք է առնվազն լինի ֆրանսիական կոնյակ՝ առնվազն 100 տարվա կամ ավելի լավ է 200 տարվա, քանի որ մեր քաղաքապետարանն արժանի է միայն նման կոնյակների, ու անպայման սև խավիար պետք է լինի՝ տարբեր տեսակի… ու շամպայն՝ անպայման Ֆրանսիայից՝ Շամպայն ռեգիոնից»:
Մարդիկ հիմնականում դժգոհում էին այս գնումներից։ Ոմանց, այդուհանդերձ, ո՛չ քաղաքի ճոխ տեսքի համար ծախսված միլիոններ են հետաքրքրում, ո՛չ էլ իրենց իսկ վճարած հարկերով գցվող սեղաններն ու տասը տարեկան կոնյակները։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՁԿՆՈՐՍՆԵՐԸ՝ ՕՐԵՆՔԻ ԴԵՄ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սեւանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց եւ նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սեւան ազգային պարկ»-ին պատկանող նավի վրա եւ վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նաեւ նրանցից մեկը դանակով կտրել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված՝ նավակին պահող պարանը եւ նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել եւ վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել թվով 26 անձ։ Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։
ՊԱՀՊԱՆՎԵ՞Լ ԵՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տնտեսական իրերի խանութի հրդեհի հետեւանքով ծանր այրվածքներ է ստացել տնօրենը։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Այրվածքաբանական ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանի խոսքով՝ գնահատվել է վիճակը ծայրահեղ ծանր, հիվանդը բուժվում է վերակենդանացման բաժանմունքում, բուժումը ընթանում է, ընթացքը կերեւա արդեն: «Այն, որ վիճակը ծայրահեղ ծանր է, վերակենդանացումը, կարծում եմ, ամեն ինչ ասում է», – հավելեց Բաբայանը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, հայտնի չէ։ Առայժմ միայն ենթադրություններ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ Սեփականատիրոջ եղբայրն ասաց՝ հնարավոր է տաքացուցիչն է եղել պատճառը. «Ձմեռ է, մի բան վառել են տաքանալու, բանի, կարող է դրանից է հրդեհվել: Կարող է, չգիտեմ ես»:
Տարածքը երեւանցիներին «Պարսկական խանութներ» անունով է հայտնի։
Հարեւան խանութում աշխատող ականատեսը պատմեց՝ ուժեղ պայթյուն են լսել ու դուրս եկել, տեսել՝ հրդեհ է, անմիջապես փորձել են մարել տնօրենի հագուստի կրակը։ Ըստ նրա՝ խանութում այդ պահին հաճախորդներ չեն եղել. «Հաց էինք ուտում, էդ ընթացքում գմփոց դուրս էկավ, դուրս էկա, տեսա՝ արդեն խանութն է պայթել: Իրեն ենք հանգցրել էդ պահին, ուշքումիտքներս ինքն էր, էլի, չէինք կարող թողեինք իրեն, խանութը հանգցնեինք: Կանչեցինք շտապօգնություն, մեկ էլ հրշեջ ծառայությունը, ու էդքան բան, էլի: Կարեւորը ինքն է մեր համար էղել, էդ պահին ինքն է ուշքումիտքներս եղել: Թեթեւակի այրվել է, էլի, ձեռքը, մեկ էլ գլուխը իր: Ուղղակի էն պահին հասցրինք, որ մենք իրեն օգնեցինք, էդ այրված բաները սաղ վրից վերցրինք. շորերն էր կպել, մեկ էլ պլաստմասը գլխին էր ընկել»:
Ըստ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության՝ մոտ 50 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր։ Խանութի առջեւում պահպանվել էին պլաստմասե ծաղկամաններ, աթոռներ, սեղանների մի մասը։
Արդյոք խանութում կրակմարիչ եղե՞լ է, ներսում պահպանվե՞լ են հակահրդեհային կանոնները. սեփականատիրոջ եղբայրը կարճ մեկնաբանությունից հետո հարցերի չպատասխանեց։ Ասաց՝ հրդեհի ժամանակ տարածքում չի եղել:
Քրեական գործ այս պահին դեռ հարուցված չէ, իսկ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին՝ իրենք հրդեհված խանութում ստուգումներ չեն անցկացրել, նվազ ռիսկային են համարել մասնավոր խանութը։