Պաշտոնի ախորժակ չունե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի ուզում ղեկավարել կառավարությունը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

Պրն. Մարգարյանի խոսքով` ԲՀԿ-ն ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, որի մասին կհայտարարի կուսակցությունը:

Թե ով է ղեկավարելու կառավարությունը, Ստեփան Մարգարյանի խոսքով` իրենք անձերի խնդիր չեն դնում:

Եթե իշխանությունը փոխի կառավարությունը, արդյոք ԲՀԿ-ն կդադարեցնի իր պայքարը, և իշխանափոխության հարցը արդիական չի լինի,  Մարգարյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ունենալ մի կառավարություն, որը  համարժեք կլինի հասարակական պահանջներին ու այն խնդիրներին, որոնց առաջ կանգնած է երկիրը։ Եթե այս կառավարությունը աշխատի (իսկ մենք վստահ ենք, որ կարող է աշխատել)  և  ազգային անվտանգություն դարձած խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն, դա նորմալ կգնահատենք։ Մենք ուզում ենք երկիրը գնա այն հունով, որը կբերի զարգացման»,-ասաց պատգամավորը։

ԲՀԿ պատգամավորն ասաց, որ իրենք հանրությանը կներկայացնեն իրենց պատկերացումն այն մասին, թե ինչպիսի կառավարություն են ուզում ունենալ և կսպասեն իշխանության արձագանքին։ «Դրանից հետո, եթե չգնա ՀՀԿ-ն դրան, մենք արդեն կորոշենք ինչ անել: Մենք կհրապարակենք ճանապարահային քարտեզը, որը վերջնական կլինի ցանկացած հարց՝ չորսի համաձայնությամբ»,-ասաց նա։

Իսկ խմբակցություններից «Ժառանգության» հետ հանդիպման մասին խոսակցությունները Ստեփան Մարգարյանը չհերքեց. «Հանդիպում նախատեսված է. թե դա երբ կլինի, դրա մասին մենք կհայտարարենք»,-ասաց նա։




Լրահոս