ԵՀՄՖ Նախագահությունը ներկայացնում է Թուրքիայի նախագահին ուղղված իր պահանջագիրը` Հայոց Ցեղասպանության փաստի անհապաղ ճանաչման խնդրի շուրջ: Այս Բաց Նամակը մոտ օրերես կուղարկվի դիվանագիտական և հնարավոր բոլոր «խողովակներով» Թուրքիայի նախագահին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ
Մեծարգո պ. նախագահ,
Դուք և վարչապետ պ. Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսանում եք «Արդարություն և Զարգացում» կուսակցության հիմնադիրներ և տարիներ ի վեր ղեկավարում եք Թուրքիան` որպես նախագահ և վարչապետ: Այս տարի դուք կարևոր քննություն եք անցնելու` կազմակերպելով և մասնակցելով ընտրություններին: Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ղեկավարությունն ուշի ուշով հետևում է սույն թվականի մարտի 30-ին` Թուրքիայում կայանալիք տեղական մարմինների և ավելի ուշ կայանալիք նախագահական ընտրություններին:
Ըստ ամենայնի, շատ մեծ է հավանականությունը, որ այս ընտրություններին հիմնականում կպահպանեք իշխանությունը տեղերում, սակայն հենց այստեղ է մեր հիմնական մտահոգությունն` ինչպիսի երկիր եք ուզում կառուցել, կամ որն է ձեր տեսլականը Թուրքիայի ապագայի հանդեպ, այն էլ քաղաքացիական հզոր հասարակության գոյության պայմաններում, որոնք այլևս չեն հանդուրժում կեղծ ժողովրդավարությունը և պայքար են մղում անարդարության ու հետադիմական գործընթացների հանդեպ:
Նաև ցանկանում ենք ուրախությամբ նշել, որ նախընտրական ցուցակներում արդեն ազգությամբ հայեր կան, և դա, անշուշտ, համարում ենք մեծ առաջընթաց այնպիսի երկրի համար, որտեղ դեռ ոչ վաղ անցյալում «հայ» բառը համարվում էր վիրավորական: Լիահույս ենք, որ այս ամենը չի կրում ձևական` արևմուտքին սիրաշահելու բնույթ, և հետագա համապետական ընտրություններում էլ քաղաքական թեկնածուի ազգային պատկանելիությունը որևէ խոչընդոտ չի հանդիսանա ընտրողների ու ընտրությունների կազմակերպման պատասխանատուների մոտ:
Գովեստի է արժանի նաև այն փաստը, որ Թուրքիայում արդեն քաղաքակիրթ վերաբերմունք են դրսևորում քաղաքացիական հասարակության բողոքներին` արտահայտված ցույցերի, քայլարշավի և դժգոհության ներկայացման Եվրոպայում ընդունված այլ ձևերի նկատմամբ: Սա մի հսկա քայլ է դեպի առաջ, եթե համեմատենք տասնամյակներ առաջ համանման երևույթների նկատմամբ թուրքական իշխանությունների արձագանքների հետ, էլ չենք նշում մոտ հարյուր տարի առաջ թուրքական իշխանությունների կողմից ցույց տրված անհանդուրժողականության փաստն` իրենց քաղաքացիների օրինավոր պահանջների արտահայտման հետ կապված: Այն ժամանակ ձևավորված հայկական քաղաքական կուսակցությունները սկսեցին պահանջել մարդկային վերաբերմունք` իր հողի վրա ապրող և արարող հայերի նկատմամբ, որոնք ի դեպ թուրքահպատակներ էին: Իսկ ինչ պատասխան ստացան իմ հայրենակիցներն` իրենց ազատատենչ, ժողովրդավարական և հայրենասիրական հայացքների համար: Դատապարտվեցին ջարդերի ու մահվան: Այո, արդար և զարգացող պետության մասին էին երազում նաև Հայկական Մեծ Եղեռնի զոհերը` դեռ անցած դարասկզբին, որոնք գազանաբար սպանվեցին հայրենի հողում կամ տարահանման հետևանքով սովամահ եղան Դերզորի անապատում և այլուր…:
Մեծարգո Նախագահ,
Կարծում ենք, որ Թուրքիան այսօր շատ երախտապարտ է հայ ազգի անվանի զավակների նկատմամբ, որոնք հսկայական ներդրումներ են ունեցել ճարտարապետության, արվեստի, առևտրի և արդյունաբերության, գիտության, երաժշտության ու այլ ոլորտների զարգացման գործում: Հսկայական է նաև հայ մշակութային մեծանուն գործիչների ավանդը` համահայկական և համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Սակայն, ցավոք նրանց մի հսկայական մաս զոհ է դարձել երիտթուրքական կառավարության կողմից իրականացված ցեղասպանությանը:
Այսօր եկել է ժամանակը, որ Թուրքիան հստակ պատասխան տա իր անցյալի համար և ունենա քաջություն կատարված ոճիրներն իրենց անունով անվանելու համար: Հավանաբար տեղյակ եք, որ այս դեպքերի ուսումնասիրությունները ստիպեցին ամերիկացի գիտնական և քաղաքական գործիչ Լեմկինին սահմանել ցեղասպանություն տերմինը, որն այնուհետև կիրառվեց հրեական ջարդերի համար: Հետագայում տասնյակ երկրներ դատապարտել են Հայոց ցեղասպանությունն, իսկ Եվրամիության /ԵՄ/ անդամ Սլովակիան նույնիսկ ընդունել է օրենք, որով դատապարտում է ցեղասպանության և հատկապես Հայոց ցեղասպանության ժխտումը /Act Nr 300/2005 – CRIMINAL CODE, Section 424a, adopted on september 01, 2009 by Act Nr 257/2009/:
Այսօր, Թուրքիան ձգտում է դառնալ ժողովրդավարական բարձր մակարդակ ունեցող երկիր և ստանալ թույլտվություն ԵՄ լիիրավ անդամ դառնալու: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումն, անկասկած, պաշտպանում է Թուրքիայի այդ ձգտումը, եթե իհարկե այսօրվա թուրքական իշխանություններն ունենան քաջություն և համաձայնվեն կատարած ցեղասպանության փաստի հետ: Անկասկած այսօրվա թուրքական իշխանությունները հասկանում են, որ Հայոց ցեղասպանության մերժումը մեկուսացնելու է Թուրքիային և երբեք թույլ չի տալու կոչվելու արդարության և ժողովրդավարության համար հանգրվան ունեցող պետություն: Ցեղասպանության փաստի հաստատումը կխորացնի հարգանքը Ձեր երկրի նկատմամբ ոչ միայն աշխարհասփյուռ հայերի, այլև համայն քաղաքակիրթ մարդկության մոտ:
ԵՀՄՖ-ի Նախագահ
Աշոտ Գրիգորյան
14.03.2014թ.