Արդեն 10 օր է, ինչ քաղաքացիները «Ֆասթ Շիֆթ» տերմինալների միջոցով վճարել են իրենց կոմունալների վճարները, կամ տարբեր բանկերում գործող վարկերը, սակայն կատարված վճարները տեղ չեն հասել, այսինքն կարելի է ենթադրել, որ փաստացի այդ գումարները յուրացվել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության կողմից։ ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ «Ֆասթ Շիֆթ» տերմինալների միջոցով իրենց բանկային հաշվեհամարներին փոխանցած գումարները, վճարած կոմունալները, ինչպես նաև վարկի մարման համար նախատեսված գումարները չեն հաշվեգրվել, որի արդյունքում վերջիններս կրել են ֆինանսական մեծ վնասներ, այդ թվում՝ նաև վարկերը ժամանակին չմարելու պատճառով դասակարգվել են և հաշվարկվել են տույժ տուգանքներ։
Քաղաքացիները հայտնում են, որ մի քանի օր է ինչ զանգերի միջոցով փորձում են պարզել խնդրի պատճառը, սակայն նրանց հայտնում են, որ չեն կարող ասել, թե երբ կվերադարձնեն իրենց գումարները։ «Ֆասթ Շիֆթ» ընկերություն կատարած զանգերի ընթացքում ևս քաղաքացիներին հայտնում են, որ վերջին երկու օրերի մուտքագրված գումարները կհաշվեգրվեն, սակայն մոտ 10 օր է, ինչ այդ խնդիրը չի լուծվում։ Ընդ որում խոսքը քաղաքացիներին պատկանող միլիոնավոր դրամների մասին է, որի շրջանառությունից ընկերության ղեկավարները հավանաբար ստանում են ահռելի եկամուտներ։ Մեզ դիմած քաղաքացիները հայտնում են, որ պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել դատարան` իրենց կողմից կրած վնասները վերականգնելու համար։
Նշենք, որ «Ֆասթ Շիֆթ»-ը պատկանում է «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն եւ Վահե Բադալյաններին։ Հիշեցնենք նաև, որ Վիգեն Բադալյանը իշխանությունների սիրելի այն անձն է, ում օրոք Հայաստանում բուքմեյքերական խաղադրույքների շեմն անգերազանցելիորեն աճել է՝ հատելով 5 տրիլիոնի շեմը։
Քնար Մանուկյան