Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հակված են բոյկոտել ավագանու վաղվա նիստը:
Ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցություններից հայտնեցին, որ առավել հակված են նիստը բոյկոտելու տարբերակին, բայց ամեն ինչ կորոշվի վաղը՝ ավագանու նիստի ժամանակ, եթե ընդդիմադիր բոլոր խմբակցություններին հաջողվի կոնսենսուսի գալ, ապա քվորում չի ապահովի և նիստը չի կայանա:
Իսկ ի՞նչ որոշում ունի ավագանու«Հանրային ձայն» խմբակցությունը: Մեզ հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն ասաց, որ որևէ խմբակցություն այս մասին իրենց հետ քննարկում չի արել:
«Եթե երկու ֆրակցիաները հակված են բոյկոտել, հիմա հարց՝ ինչու՞ որևէ ֆրակցիայի ղեկավար չի հանդիպել ու պաշտոնապես մեզ հետ քննարկում չի արել:
Ինչպես ես հասկացա, նրանք ընդունում են, որ քաղաքապետարանում բոլոր որոշումները կայացվում են «Հանրային ձայն»-ի դիրքորոշման հիման վրա, ես դրական եմ համարում, որ իրենք ընդունում են սա: Սրա համար էլ «Հանրային ձայն»-ը իր քայլը կանի ավագանու նիստի ժամանակ, քանի որ ինձ հետ որևէ մեկն այդ հարցը չի քննարկել:
Բացի սա, կա նաև Վարդան Ղուկասյան, որը կուսակցության պատվավոր նախագահն է, կարող են իրա հետ էլ խոսել: Արտակ Գալստյանի հետ նույնպես կարող են հանդիպել, տեսակցությունները բաց են։ Մեզ հետ որևէ մեկը կապ չի հաստատել, մենք լսում են, որ իրենք եթերներով են մեզ դիմում, մենք կառավարություն չենք, որ եթերներով մեզ հետ խոսեն: Մենք ունենք աշխատելու սենյակ, հեռախոսահամարներն ունեն, կարող են գալ ու քննարկել մեզ հետ»:
-Պարո՛ն Ավագյան, եթե ամեն դեպքում քվորում լինի, նիստը կայանա, ի՞նչ դիրքորոշում ունեք բյուջեի նախագծի մասով, ինչպե՞ս եք քվեարկելու:
-Ես որևէ մեկի ասելուն կամ բարձրաձայնելուն չեմ սպասում, ես բաց եմ բոլոր քննարկումների համար, իսկ քաղաքական դիվեդենտներ հավաքելը մեր ոճը չի:
Ես գտնում եմ, որ բյուջեն տապալելը միայն ու միայն վնաս է երևանցիներին ու Երևանի արտաքին տեսքին: Նայած՝ որ հարցը, բյուջեն գոյանում է տարբեր հարցերից, հարցեր կար, որ մենք որպես ընդդիմություն դեմ ենք, բայց մենք նաև կառուցողական ենք ու գործում ենք մեր գաղափարներով:
-Ձեր խմբակցության երկու անդամ՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, թեև մանդատները պահել են, բայց նրանք երկուսն էլ չեն կարող մասնակցել ավագանու նիստերին, քանի որ Արտակ Գալստյանը կալանավորված է, իսկ Տիգրան Ուրիխանյանը հետախուզման մեջ: Սա ազդում է նաև ընդդիմության քվեարկության վրա, քանի որ փաստացի ձեր խմբակցությունն ունի 5 մանդատ այս պահին: Ինչու՞ մանդատները հաջորդ համարներին չեն փոխանցվում:
-Նման հարց չի քննարկվում, այդ հարցերը մեր օրակարգից այս պահին դուրս են, կքննարկենք հաջորդ տարի:
Քրիստինա Մուշեղյան