Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Մեր ժամանակների հերոսը-2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մրցանակաբաշխության մրցանակը հանձնեց Զինվորաց իշխանաց բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Սիրվարդ Բերբերյանին, ով, ինչպես ԱԺ-ի նախագահն է նշում, իր ազգանվեր աշխատանքով օգնում է պատերազմի մասնակիցներին կրթության և աշխատանքի հարցում:
«Մեր ժամանակների հերոսը» հաղորդմանն ընդգրկված էին 12 մասնակիցներ։
Մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում մասնավորապես նշել է. «Ինձ համար այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին նրա մասին է, որ մեր հերոսները ոչ միայն չեն հակադրում լավ ապրելը Հայաստանում ապրելու հետ, այլև լավ ապրելը կապում են Հայաստանում ապրելու հետ: Երբ ես տարբեր առիթներով և այս մրցանակաբաշխությանը պատրաստվելիս նայում էի հոլովակները, հանկարծ արձանագրեցի, որ հերոսները՝ այսօրվա մեր մրցանակաբաշխության հավակնորդները, արտահայտում են մտքեր, որոնք գրառելու արժանի են»:
Մինչև գլխավոր մրցանակակրի անունը հայտարարելը, Փաշինյանը կատարեց մրցանակակրի խոսքերից մեջբերում՝ առաջին հատվածով, որպես մանկավարժ, իսկ երկրորդով՝ նորարար. «Մտածող մարդը բոլոր բնագավառներում էլ առաջ է գնում: Երեխային պետք է հնարավորություն տալ խոսելու և մտածելու: Եթե նա ասում է մի բան, որ այնքան էլ ճիշտ չի, պետք է թույլ տալ, որ ասի: Այս դեպքում՝ երեխան ձեռք է բարձրացնում, ասում է՝ ես կասեմ, ես կասեմ: Եվ արդեն միասին ենք քննարկում: Երեխային պիտի անընդհատ խնդիրների առաջ կանգնեցնես՝ դե հաղթահարի, դե հաղթահարի: Այդ ընթացքում երեխան սկսում է զարգանալ ու դառնում է լավ մասնագետ, լավ քաղաքացի: Ես երեխայից շատ բան եմ սովորում, բոլորի ասածը լսում եմ: Ցանկացած ուսուցիչ այդպիսին պետք է լինի»: Մանկավարժ-նորարարից մեջբերում է կատարում Փաշինյանը,- «Անձրևաջրերը գնում, կորում են: Մենք ջրերը պիտի խնայենք: Ես հավաքում եմ հա՛մ իմ անձրևաջրերը, հա՛մ հարևանիս»: Եվ այս միտքը ես ընդգծել եմ հատուկ, ասում է. «Խնդրեցի հարևանին, ասացի՝ եղբայր, քո անձրևաջրերն ինձ տուր: Մեր տանիքների կապը ստեղծեցինք, տանիքի ջուրը գալիս, լցվում է ջրի բաքի մեջ: Բաքի ջրերն օգտագործում ենք ոռոգման համար»: Եվ այսպես՝ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրն է Սևադա Կոջաբաղյանը Գորիսից, մաթեմատիկայի ուսուցիչ: Դիմավորեք նրան բուռն ծափերով, և այս ծափերը թող ուղղվեն մեր ժամանակների բոլոր հերոսներին»,- իր ելույթում ասել է Փաշինյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք: