Անցկացվել է Արդարադատության նախարարության կողմից հայտարարված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը:
Նոտարի թափուր պաշտոնում նշանակման և որակավորման ստուգման կարգի օրենսդրական բարեփոխումներից հետո որակավորման ստուգումն անցկացվել է առաջին անգամ:
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, մարզային հինգ տարածքներում թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 70 մասնակից:
Նախարարությունից հիշեցնում են, որ փոփոխված կարգի համաձայն՝ որակավորման ստուգումներն անցկացվում են կոնկրետ նոտարական տարածքի թափուր կամ նոր ստեղծված հաստիքի համալրման նպատակով: Առաջին՝ գրավոր փուլում կստուգվեն նոտարի թեկնածուների գիտելիքները՝ մասնագիտական խնդիրների լուծման միջոցով, և արդյունքների ամփոփումից հետո կհայտարարվի երկրորդ՝ բանավոր փուլի անցկացման տեղի և ժամանակի մասին:
Հարցազրույցի փուլը կանցկացնի նոտարական պալատի և Արդարադատության նախարարության հավասար թվով անդամներից բաղկացած հանձնաժողովը՝ ստուգելու նոտարի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուների անհրաժեշտ հմտություններն ու որակները: