Պարզվել է Մեղրիի գետում կանաչավուն զանգվածի ի հայտ գալու պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն անդրադարձել էլ ահազանգին, որի համաձայն` փետրվարի երկրորդ կեսից սկսած` Մեղրիի գետում նկատվում էր տարօրինակ կանաչադեղնավուն զանգված: Կարծիք կար, որ պատճառը արտանետումներն են:

Տեղեկությունը ստուգելու նպատակով Armlur.am-ը զանգահարել էր Մեղրիի քաղաքապետարան: Համապատասխան բաժնի աշխատակիցը, ով չէր ցանկացավ ներկայանալ, խոստացել էր պարզել, թե արդյոք համապատասխանում է  ահազանգն իրականությանը, իսկ եթե` այո, ապա ինչի արդյունքում է գետը նման կերպ պղտորվել:

Աշխատակիցը փոխանցեց, որ այսօր անցել է գետի կողքով և չի նկատել որևէ արտառոց արտանետում:

«Ես հետաքրքվեցի, թե ինչ էր, ասացին, թե ընդամենն ավազ են լվացել, մնացածից տեղյակ չեմ, եթե եղել է, շատ կարճ ժամանակով, հիմա անցել է»,-ասաց նա` շեշտելով, որ այդ ընթացքում տեղացել են նաև անձրևներ, որոնք պղտորել են ջուրը: Մենք հետաքրքվեցին, թե ինչ է իրենից ներկայացնում «ավազ լվանալու» գործընթացը, որին ի պատասխան` նա ասաց.

«Շինարարության նպատակով օգտագործվող ավազը լվանում են ջրում, վտանգավոր բան չկա: Նրանք գետից ավազ են հանել, լվացել, այդ ավազը պիտանի է շինարարության համար»,- ասաց աշխատակիցը` նշելով, որ այդ գործունեությամբ զբաղվում է «Ճանշին» ձեռնարկությունը:

Ստացվում է, որ մինչև  շատերը գլուխ են կոտրում գետի պղտորության պատճառները բացահայտելու համար, պարզ է դառնում, որ պարզապես մի ընկերություն շահույթ ստանալու նպատակով օգտագործում է գետի ավազը: Իսկ արդյունքում խախտվում է գետի էկոլոգիական հավասարակշռությունը:

Armlur.am-ը «Ճանշին» ընկերության տեսակետը կներկայացնի հետագայում.

Լիլիթ Լալայան




Լրահոս