«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու այսօրվա նիստը կարևոր է:
Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, 2024թ.-ի բյուջեի նախագիծն է և համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, որոնք պետք է հաստատի Երևանի ավագանին, հակառակ դեպքում կարող է ընդհուպ մինչեւ քաղաքապետի հրաժարականի հարց բարձրանալ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համայնքի ղեկավարը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:
«Ժողովուրդ» օրաթերթը ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցություններից տեղեկացավ, որ այս կարևոր նիստին մասնակցության մասով որոշում կայացնելու են հենց այսօր՝ ավագանու նիստի ժամանակ։ Ընդդիմադիր ֆրակցիաները նախնական մտադիր են միասնական որոշում կայացնել այս մասով, որպեսզի իրենց բոյկոտն արդյունք տա:
«Հանրային ձայն»-ից էլ մեզ ասացին, որ այսօր ցույց կտան իրենց դիրքորոշումը՝ մատնանշելով, որ որևէ մեկն իրենց հետ բոյկոտի մասով քննարկում չի ունեցել:
Բանն այն է, որ եթե ընդդիմադիրները ողջ կազմով չգնան, ապա քվորում չի լինի, և նիստը կտապալվի, իսկ եթե ընդդիմադիր անդամներից անգամ մեկ հոգի էլ գնա, ապա քվորում կլինի, և համայնքի բյուջեն ու զարգացման ծրագիրը կհաստատվեն:
Այսպիսով, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր 3 խմբակցությունները՝ 34, բայց, միևնույն ժամանակ, «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, փաստացի չեն կարող մասնակցել նիստին, քանի որ Գալստյանը կալանավորված է, իսկ Ուրիխանյանը հետախուզման մեջ է:
Ստացվում է՝ ՔՊ-ն և «Հանրապետություն»-ն այս պայմաններում մեծամասնություն են ավագանիում, ուստի եթե քվորում լինի, ապա կարող են բոլոր նախագծերը, այդ թվում՝ բյուջեն և զարգացման ծրագիրն ընդունել:
Այսօրվա նիստի օրակարգում լինելու է նաեւ տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների «կարմիր գծերի» արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:
«Մայր Հայաստան»-ը հայտարարել է, որ մինչ ավագանու նիստի մեկնարկը ակցիա են իրականացնելու քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այսօր, հնարավոր է, նիստին մասնակցի նաեւ Հայկ Մարությանը, որը թեեւ մանդատը վայր չի դրել, բայց նոր ձեւավորված ավագանու նիստի մեկնարկից ի վեր չի մասնակցել դրանց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: