Այսօր արդեն հասանելի կլինի բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող դրամական աջակցությունը. Զառա Մանուչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձանց համար Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ նշանակվել էր 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար: Արմլուրին բռնի տեղահանված արցախցիները շարունակում են ահազանգել այն մասին, որ դեռևս բռնի տեղահանվածների մի մասը շարունակում են 100 հազար դրամ աջակցությունը չստանալ, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ տվյալ անձը չկարողանա դիմում լրացնել նաև մյուս աջակցությունների համար:

Խնդրով պայմանավորված՝ ArmLur.am-ը կապ է հաստատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ: Վերջինս ասել է.

«Բոլոր ծրագրեը դեռ ընթացքում են: Երեկ մեր կողմից բանկերին վճարումը փոխանցվել է: Ովքեր, որ ծրագրի պայմաններին համապատասխանում են, բայց մինչ այժմ վճարումները չի իրականացվել իրենց քարտերին, արդեն հասանելի կլինի այսօրվա ընթացքում»:

Նա նաև նշեց, որ նախագիծ է ընդունվել այն մասին, որ ովքեր չեն ստացել 50 հազար դրամական աջակցությունն առաջիկայում ներկայացվելու է նոր դիմում, որի լրացման հիման վրա տվյալ անձինք կկարողանան ստանալ այդ աջակցությունը:

«Դիմումները կարող են լրացնել մինչե 2024թ. հունվար ամսվա վերջը: Ուղղակի խնդրում ենք, որ հետևեն մեր հայտարարություներին, որպեսզի տեղեկացված լինեն՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար»,- նշել է Զառա Մանուչարյանը:




Լրահոս