Հայ լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:

Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:

Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջք ձևում: Նշենք՝ Մոսեսովն ավելի վաղ միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ էր նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։

Առաջին անգամ անցկացվող Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարը եղել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ խոշոր մարզական միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչների գրանցած արդյունքները բավականին գոհացնող են: Հովհաննես Գաբրիելյանն ընդգծել է՝ ձմեռային ձևերի զարգացման համար ուսանողական սպորտը շատ կարևոր է, և այս համատեքստում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի սերտ համագործակցությունը շատ կարևոր է:

Առաջնության ծրագրում ընդգրկված են եղել նաև սնոուբորդ և ձյան վոլեյբոլ մրցաձևերը: Հովհաննես Գաբրիելյանը հույս է հայտնել՝ հետագայում Հայաստանն ավելի մեծ պատվիրակությամբ կկարողանա մասնակցել առաջնությանն ու ներկայացուցիչներ կունենա նաև մյուս մրցաձևերում:

«Սա նաև լավ ստուգատես էր մեր ուսանող մարզիկների համար՝ 2025 թվականի հունվարին կայանալիք Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի համար»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանն ու տեղեկացրել՝ համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն Իտալիայի Թուրին քաղաքում:




Լրահոս