Դեկտեմբերի 18-23-ը Երևանի պետական համալսարանում անցկացվեց գեներատիվ մոդելավորման վերաբերյալ Yandex-ի անվճար ինտենսիվ դասընթացը: Դասընթացները վարում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դասախոս, Yandex-ում պատկերների վերլուծության ենթախմբի ղեկավար Ռոման Իսաչենկոն:
Գեներատիվ մոդելավորումն ու հատկապես պատկերների գեներացումը գնալով ավելի կարևոր են դառնում ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումներում: Ինտենսիվ դասընթացների նպատակն էր ուսանողներին փոխանցել գեներատիվ մոդելների տեսության խորացված գիտելիքներ և դրանց կիրառման գործնական հմտություններ:
«Մեզ համար կարևոր էր ուսանողներին ընկղմել գեներատիվ մոդելավորման տեսության և պրակտիկայի մեջ։ Մենք «քանդեցինք-հավաքեցինք» գործնականում կիրառվող հիմնական բլոկները, որպեսզի ուսանողներն առավել ամբողջական պատկերացում կազմեն այս հեռանկարային ոլորտի մասին»,-նշում է Ռոման Իսաչենկոն։
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն և Հայաստանում Yandex-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Ստեփանովն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․ «Yandex-ի թիմն ակտիվորեն ռեսուրսներ է ներդնում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործում։ Մենք համարում ենք, որ կրթությունը տնտեսության առանցքային բաղադրիչն է՝ հիմնված գիտության և նորարարության վրա։ ԵՊՀ-ի հետ գործընկերությունը և նման ինտենսիվ դասընթացների անցկացումը թույլ են տալիս ընդլայնել ուսանողների կրթական հնարավորությունների սահմանները, ինչը նպաստում է ապագայի համար որակյալ կադրերի պատրաստմանը»։
Ինտենսիվ դասընթացն անցկացվում էր երեկոյան ժամերին, յուրաքանչյուր դասը բաղկացած էր երկժամյա դասախոսությունից և մեկժամյա սեմինարից։ Դասընթացներին կարող էին մասնակցել Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության մագիստրոսական ծրագրի ուսանողները:
Դասերին կարելի էր մասնակցել ըստ ցանկության։ Քանի որ դասընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, Yandex-ն ու ԵՊՀ-ն դիտարկում են գործընկերությունն ընդլայնելու, մասնավորապես ՝ դասընթացը հիմնական ուսումնական ծրագրում ներառելու հնարավորությունը:
ԵՊՀ Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության մագիստրատուրայի ղեկավարներ Միքայել Պողոսյան և Կարեն Քեռյան. «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Yandex-ին և ընկերության դասընթացավարին այս հետաքրքիր ինտենսիվ դասընթացը կազմակերպելու համար: Մենք շատ բարձր ենք գնահատում համագործակցությունը ոլորտի ինդուստրիայի հետ, և սա ևս մեկ քայլ է գործնական գիտելիքները մեր ուսանողներին փոխանցելու ուղղությամբ»:
Տեղեկանք
Yandex-ն ավելի քան 15 տարի իրականացնում է ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին, անկախ փորձից ու տարիքից, որակյալ ՏՏ կրթություն ստանալ տարբեր ոլորտներում։ Հայաստանում ընկերության առաջին կրթական նախագիծը՝ Yandex-ի՝ Վանաձորում և Գյումրիում գործող ծրագրավորման դպրոցը, սկսել է աշխատանքը 2017 թ.՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ: Դպրոցում ավագ դպրոցի աշակերտները սովորում են Python ծրագրավորման լեզուն, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) և տվյալների վերլուծության հիմունքները: 2023 թ. առաջին կիսամյակի տվյալով՝ Հայաստանում ծրագրավորման դպրոցն ավարտել է ավելի քան 350 աշակերտ։
Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցն անվճար կրթական ծրագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են data science-ի առաջատար մասնագետ կամ մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համակարգերի ճարտարապետ դառնալ: Դպրոցում դասավանդում են չորս ուղղությամբ՝ data science, մեքենայական ուսուցման զարգացում, մեծածավալ տվյալների ենթակառուցվածքներ ու տվյալների վերլուծություն, ինչպես նաև արհեստական բանականություն կիրառական գիտություններում: ՏՎԴ ուսանողներն ու շրջանավարտները հիմնարար գիտական մշակումներ են իրականացնում տվյալների վերլուծության ոլորտում: Նախագիծը գործում է 2007 թվականից։