Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Պարոն Փաշինյանի կողմից արծարծված այն նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ», մենք ողջունում ենք այդ գաղափարը, և պատրաստ ենք Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար հետևողական լինել»,- հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը:
Աբդոլլահիանը նաև հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի՝ առանց արտաքին ուժերի միջամտության, և միայն տարածաշրջանի երաշխավորների շնորհիվ հնարավոր լինի բոլոր ոլորտներում խաղաղությունն ու անվտանգությունը հաստատել: