Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիայի` Հայաստան կատարած այցը ստվերեց վերջին օրերի պաշտոնանկությունների թեման: 30-ամյա նախարարն իր գեղեցկությամբ դարձել է իշխանական կոալիցիայի անդամների քննարկումների, չափազանցրած չենք լինի, եթե ասենք միակ թեման:
Առաջին անգամը չէ, երբ վրացի կին պաշտոնյաները «գերում են» հայերի սիրտը. ժամանակին նույն ուշադրությանն արժանացավ նաեւ Վրաստանի ԱԺ նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի այցը Հայաստան: Նույնիսկ այդ օրերին անեկդոտ հորինվեց. ԱԺ այն ժամանակվա խոսնակ Արմեն Խաչատրյանին է դիմում իր տեղակալ Տիգրան Թորոսյանը` խնդրելով. «ԺՐցչ, րՍՈՋՌ, փՑՏ տՏՊՐցչց ՑՏՋպ ՉջÿսՈ»:
Բայց եթե Բուրջանաձեի այցով հարստացավ անեկդոտների շտեմարանը, ապա Կոբալիայի այցից հետո կոալիցիայի անդամներից ոմանք ափսոսանք էին հայտնում, թե ինչու Հայաստանում էլ նման գեղեցկուհիները չեն ղեկավարում այս կամ այն ոլորտը: Իսկ ավելի համարձակները պնդում էին, որ այս դեպքում արդեն հնարավոր կլինի կոնկրետ ոլորտում առաջընթաց գրավել` թեկուզ հենց միայն կանացի հմայքով: Թեեւ մյուս կողմից նաեւ հասկանալի է, որ Կոբալիան հենց այնպես չի հայտնվել այս պաշտոնին, այլ բավական լուրջ կրթություն է ստացել` ավարտելով «British Columbian» ինստիտուտը` ստանալով բիզնեսի կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի որակավորում:
Չի բացառվում, որ Կոբալիայի այցի ազդեցության տակ առաջիկայում, ասենք, շահեն խորհրդարանի կին պատգամավորները: Ու եթե որոշվի, որ ԱԺ նախագահ պիտի դառնա Սամվել Նիկոյանը, ապա ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կոալիցիայի կուսակցություններն ընտրեն հենց կնոջ:
Մինչ խորհրդարանի ու կառավարության միջանցքներում հայ իշխանավորներն իրենց տպավորություններն էին հայտնում Կոբալիայի մասին, վրացի նախարարն իր ասուլիսում խոսել է Հայաստանից ստացած տպավորություններից: Նա ասել է, որ իրեն շատ է դուր է եկել Փարաջանովի թանգարանը, հայկական երաժշտությունը: Իսկ ահա ամենաշատը նրան հիացրել էր «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալը: «Հիացած եմ եւ կասեմ, որ աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայաններից մեկն է: Կարծում եմ` հայկական օդանավակայանի կառուցման դրական փորձը կկիրառենք նաեւ Քութայիսի օդանավակայանի կառուցման ժամանակ»,-ասել է նա: «Ձեր մշակույթը շատ հետաքրքիր է, եւ երբ վերադառնամ Թբիլիսի, անպայման գովազդելու եմ Հայաստանը»,-նկատել է վրացի նախարարը:
Ինչ վերաբերում է բուն տնտեսական համագործակցությանը, ապա Կոբալիան խոսել է Հայաստանի ու Վրաստանի միջեւ տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ծրագրերի մասին:
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԳԵՐԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա.ԳԱԼՈՅԱՆ