ԵՄ պաշտոնյաները որպես Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու քառամյա ծրագրի այլընտրանք դիտարկում են Կիևին՝ պարտքի կառուցվածքի կիրառմամբ, 20 մլրդ եվրո տրամադրելու տարբերակը, հայտնում է Financial Times-ը:
«Այդ սխեման ենթադրում է անդամ պետությունների կողմից ԵՄ բյուջեին երաշխիքների տրամադրում, ինչը թույլ կտա Եվրահանձնաժողովին հաջորդ տարի կապիտալի շուկաներից Կիևի համար մինչև 20 մլրդ եվրո պարտք վերցնել»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով տվյալ հարցի քննարկումներին մասնակցող աղբյուրներին:
Նրանց գնահատմամբ ՝ ֆինանսավորման այս մոդելը մեծ աջակցություն է ստանում որպես առավել գործնական միջոց այն դեպքում, եթե Հունգարիան փետրվարի 1-ին նախատեսված գագաթնաժողովում չհրաժարվի իր վետոյից:
Թերթը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Կիևին աջակցելու նոր տարբերակը չի պահանջի երաշխիքներ ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից՝ պայմանով, որ հիմնական մասնակիցները կլինեն ամենաբարձր վարկային վարկանիշ ունեցող երկրները։ Դա թույլ կտա ԵՄ-ին շրջանցել Հունգարիայի վետոն, քանի որ այն չի պահանջի միաձայն աջակցություն:
Պարբերականը նաև նշում է, որ որոշ երկրների, այդ թվում՝ Գերմանիային և Նիդերլանդներին, անհրաժեշտ կլինի իրենց խորհրդարանների հաստատումը ազգային երաշխիքներ ստանալու համար։ Բարենպաստ հանգամանքների դեպքում օգնությունը կարող է հաստատվել մինչև 2024 թվականի մարտը: