ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ–ռուսական հարաբերություններին։
«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների համոզումներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձված դաշնակցային կապը փոխում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների դիմաց»,– ասել է նա։
«Արդարացնելու համար ռազմավարական շրջադարձը, հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում ՝ Ղարաբաղի կորստի համար փորձում են մեղադրել Ռուսաստանին։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին. իմաստ չունի հիմա կրկին թվարկել հայկական իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,– ասել է նա։
Միաժամանակ, Լավրովը նշել է․ «Հայաստանը մեզ համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում։ Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում»։