Սպասվում է, որ Հայաստանը 2023 թվականին կունենա 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարին ֆինանսական առումով որակում է բավականին հաջող: Հաջորդ տարի կիրականացվեն որոշակի փոփոխություններ, նախատեսվում է, որ գործունեության որոշակի տեսակներ չեն գործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 2024 թվականից եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք, դա նշանակում է, որ 2024-ի համար հայտարարագիրը ներկայացնելու են 2025 թվականին:
«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:
«2023-ը, ընդհանուր առմամբ, կարելի է ֆինանսական առումով բավականին հաջող տարի համարել, կարողացանք ավելի շատ հարկ հավաքել, քան պլանավորված էր: Մենք 2023-ին շարունակեցինք անել այն, ինչ սկսել էինք 2022-ին, այն, ինչ նախանշված էր կառավարության ծրագրով: Շարունակում ենք կապիտալ ծախսերի շեշտակի աճ ունենալ: Այդ աճը կշարունակվի նաև 2024 թվականին»,-ասաց նախարարը:
Խոսելով տնտեսական աճի տեմպերից՝ նախարարն ասաց՝ 2022-ի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել է 2023-ին: «Մենք այսօր տեսնում ենք, որ արդեն 2023 թվականին կունենանք 8 տոկոսին մոտ տնտեսական աճ, թեև մեկ ամիս առաջ կանխատեսում էինք 7-ի շուրջ»,-նշեց նախարարը:
Հովհաննիսյանը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրվող ֆինանսական աջակցությունից: 2024-ի պետական բյուջեի նախագծում ավելի ուշ նախատեսվեցին 47.3 մլրդ դրամի չափով ծախսեր՝ աջակցության ծրագրերի համար: Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի ազդի՞ պետական պարտքի վրա՝ Հովհաննիսյանն ասաց. «Այս անգամ ունենալու ենք 4.6 տոկոս դեֆիցիտ, բայց պարտքի վրա դա ավելորդ բեռ չի լինելու: Դրանով փորձելու ենք լուծել մեր հայրենակիցների առաջնային խնդիրները: Պարտքի հավելյալ բեռ, այնուամենայնիվ, ստեղծվում է ոչ դրանից, այլ նրանից, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ուներ պարտք ՀՀ բանկային համակարգին, և օրեր առաջ որոշում կայացվեց, որ այդ պարտքը ստանձնում է Հայաստանի կառավարությունը: Դա 3 տոկոսից մի փոքր ավելի ազդեցություն կունենա մեր պարտքի վրա»:
2024-ի բյուջեն հաստատվել է 156 մլրդ պահուստային ֆոնդով: Սակայն կառավարություն արդեն իսկ 20 մլրդ դրամ նվազեցրել է՝ կապված ԼՂ-ի պարտքի ստանձնման հետ: Պարտքը սպասարկելու հետ կապված կառաջանան նոր ծախսային պարտավորություններ:
Խոսելով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղվելիք 554 մլրդ դրամի չափով ծախսերից՝ նախարարը տեղեկացրեց, որ կա նաև առաջնահերթությունների հավելված, որտեղ նշված են հավելյալ կարիքներ: «Այսինքն՝ ՊՆ-ին հնարավորության դեպքում կհատկացնենք 200 մլրդ դրամ ավել գումար, եթե նման հնարավորություն լինի»,-ասաց նա:
Բյուջեում կա հավելված, որտեղ նշվում են առաջնահերթ ծախսերը, որոնք տեղ չեն գտել բյուջեի ծախսային հոդվածներում: «Եվ, երբ նոր միջոցներ են ի հայտ գալիս, իսկ նոր միջոցներ կարող են ի հայտ գալ, օրինակ, երբ հարկային եկամուտները գերակատարվել են կամ նախանշված որևէ ծրագրի չի իրականացվել ու գումարները վերադարձվել են պահուստ, ապա հավելվածում նայում ենք, թե ինչ ծրագրեր էինք ուզում անել, որ տեղ չեն գտել բյուջեում, և այդ ծրագրերն արդեն ֆինանսավորվում են»,-նշեց նախարարը:
Խոսելով 2023-ին ներդրված ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգից՝ նա ասաց, որ մինչև 2024-ի մայիսի 1-ը 2023-ի հայտարարատու անձինք պետք է ներկայացնեն հայտարարագիր: 2024 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք:Դա նշանակում է, որ այդ մարդիկ հայտարարագիրը կներկայացնեն արդեն 2025 թվականին: Առաջիկայում կներդրվի տեղեկատվական պլատֆորմը, որի միջոցով բոլոր հայտարարատուները հնարավորություն կունենան հայտարարագիր ներկայացնել: Լինելու է կայք, նաև հավելված, որ մարդիկ հեշտությամբ կարողանան լրացնել հայտը:
Նախարարը խոսեց նաև կրեդիտների մասին. «Մեր քաղաքացիները, որոնք ներկայացնում են հայտարարագիր և արել են որոշակի ծախսեր, որոնք կապված են կրթության և առողջապահության հետ,այդ կատարված ծախսերի որոշակի չափով կկարողանան հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը: Կրթության մասով տարեկան 100 հազար կարող են նվազեցնել, իսկ առողջապահության մասով՝ 50 հազար դրամ»,-ասաց նախարարը:
Որոշակի փոփոխություններ են նախատեսվում շրջանառության հարկի համակարգի ներքո գործող տնտեսավարողների համար: «Ծխախոտի և խմիչքների ակցիզային հարկի ուղղությամբ բարձրացումները շարունակվելու են»,-ասաց նա:
Գործունեության որոշակի տեսակներ հնարավորություն չեն ունենա շարունակել գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում: