Լավրովը մտահոգություն է հայտնել, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները Մոսկվան վնասակար է համարում:

«Դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ առաջնորդվելով ազգային շահերով և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակով։ Մեր զինուժը տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային բաղադրիչն է»,- նշել է Լավրովը։

Նա մտահոգություն է հայտնել, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա առանձին անդամ երկրների հետ։

«Այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է տասնյակ միջոցառումների։ Շարունակում է արդիականացնել զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Դա չի կարող անհանգստություն չառաջացնել։ Մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում ամրապնդվելն է»,- կարծիք է հայտնել Լավրովը:

Նա հույս է հայտնել, որ Երևանը գիտակցում է՝ դաշինքի հետ գործակցության խորացումը, Լավրովի ձևակերպմամբ, կհանգեցնի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի։




Լրահոս