«Բարբառը մեր լեզուն է հաղորդելու, ներկայացնելու իրավիճակը, սակայն բարբառը նպատակը չէ: Նպատակն իրականում շատ կարևոր պատմություններն են, որոնք չեն պատմվել, իսկ բարբառով մարդիկ ավելի հեշտ կներկայացնեն իրենց տեսածն ու ապրածը և, ինչու չէ նաև բարբառով ներկայացված պատմություններն ավելի անկեղծ կլինեն»,- ArmԼur.am-ի հետ զրույցում ասել է Արցախից բռնի տեղահանված, «ՓոդՔաթ» հաղորդման հիմնադիր-լրագրողներից Տաթևիկ Խաչատրյանը:
2023 թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանվեցին նաև Տաթևիկ Խաչատրյանն ու Մարիամ Սարգսյանը: Տաթևիկն ու Մարիամն գործընկերներ են, աշխատում էին Արցախի Հանրային ռադիոյում: Տաթևիկին շատերը կհիշեն «Բարի՛ լույս, Արցա՛խ» եթերի տաղավարից, իսկ Մարիամը հայկական Շուշիում պսակադրված վերջին զույգն է: Արցախից Հայաստան տեղափոխվելով նրանք որոշել են ստեղծել բարբառով փոդքասթ և իրենց մասնագիտական կյանքն շարունակել արդեն Հայաստանում:
Իհարկե, կենտրոնում պահելով Արցախը, ժողովրդին ու մարդկային կյանքերի անկեղծ պատմությունները:
«Իհարկե, այս պահին բարբառը կորցնելու իրական վտանգ կա, սակայն մենք մեր տաղավարում միայն Արցախի բարբառով չենք խոսելու: Մեր տաղավարում ներկայացած ցանկացած ոք խոսելու է իր հարազատ բարբառով՝ անկախ նրանից մեր հյուրն Արցախի բարբառի կրող է, թե Հայաստանի Հանրապետության որևէ բարբառի»,- ասում է Տաթևիկ Խաչատրյանը:
Մեր զրուցակիցների խոսքով՝ «ՓոդՔաթ»-ը սկիզբն է այն ամենի, որ Հայաստանում գտնվող արմատներով արցախցիները խոսեն մայրենի բարբառով և ինչու չէ նաև հայաստանաբնակները ևս ուսումնասիրեն և ծանոթանան Արցախին ամբողջապես:
«Այսպես նաև Արցախի բարբառը հասկանալի կդարձնենք, որովհետև իրականում մեր բարբառը շատ նման է Արարատյան բարբառին»,- նշում է Տաթևիկը և հավելում, որ Արցախից բռնի տեղահանվելով՝ նա որոշել էր մշտապես խոսել հարազատ բարբառով, սակայն այն միշտ չէ, որ հասկանալի է լինում դիմացինին, ուստի գրականի վերծանելու անհրաժեշտություն է ստեղծվում:
Արցախցի լրագրողն ասում է, որ շրջափակումի առաջին օրից առ այսօր փորձում է հնարավորինս շատ անդրադառնալ բլոկադային օրերին և, առհասարակ, մշտապես ուշադրության կենտրոնում պահել Արցախում տիրող իրավիճակը և մարդկանց հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու իրավիճակին:
«Շրջափակման առաջին իսկ օրվանից մինչ այսօր հաճախակի են ինձ ուղղում հարցեր, որոնց միջոցով ես հասկանում ես, որ մարդիկ լիիրավ պատկերացում չունեն, թե ինչ էր իրականում կատարվում Արցախում և արցախցիների հետ»,- ասում է մեր զրուցակիցը:
«ՓոդՔաթ»-ի մյուս հիմնադիր-լրագրող Մարիամ Սարգսյանը նշում է, որ բարբառը նաև միջոց է, որ տնից դուրս լինի մի անկյուն, որտեղ կխոսեն ու կլսեն հարազատ բարբառի հնչյունները:
«Մենք՝ լրագրողներս, պատմություն հավաքագրողներ ենք և շատ հաճախ, պատմություններ ներկայացնելով, մնում ենք տեսախցիկի ետևում՝ մեր ապրումների ու տեսածի հետ միասին: Հետևաբար այս փոդքասթով մենք առաջնային տեղ ենք տվել լրագրողներին և առաջին հաղորդումները լինելու են արցախցի 10 լրագրողների հետ: Այստեղ նրանք հնարավորություն կունենան խոսելու իրենց ապրումների, հույզերի, ինչու չէ նաև ունեցած դժվարությունների ու խնդիրների մասին»,- ասում է Մարիամ Սարգսյանը:
««ՓոդՔաթ»-ը նաև բարբառը պահպանելու մի տարբերակ է և ողջունելի կլինի, որ նման ձևաչափով փոդքասթեր սկսեն այլ լրատվամիջոցներ ևս»,- եզրափակեց Տ.Խաչատրյանը:
Նանիկ Աղասյան