ՆԺԴԵՀԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ  վարչապետ Տիգրան Սարգսյանի «առաջնորդությամբ» այս օրերին Բրյուսելում են գտնվում կոալիցիոն երեք կուսակցությունները եւ «Ժառանգություն»-ը,  որոնք կոլեկտիվ հայտ են ներկայացրել անդամակցելու քրիստոնեա-ժողովրդավարություն դավանող ԵԺԿ-ին` EPP-ին: Այսինքն` եվրաինտեգրվել կուսակցական մակարդակով:
1976 թվականին Մարտեն Վիլֆրիդի կողմից հիմնված համաեվրոպական աջակողմյան կենտրոնամետ այս կուսակցությունն ամենախոշոր կուսակցական միավորումներից է, որն ունի նեոկոնսերվատիզմ,  քրիոստոնեա-դեմոկրատական, պահպանողական եւ ազգայնական  գաղափարներ եւ  դավանող 39 անդամ կուսակցություններ: ԵԺԿ-ն ունի  ԵՄ եւ ԵԽԽՎ անդամ պետությունների 5 ղեկավարներ (3 վարչապետեր): Գործադիրի մակարդակում ԵԺԿ-ն ունի շուրջ 30 նախարարներ,  նաեւ լայնորեն ներկայացված է ԵԱՀԿ-ում եւ ԵԽԽՎ-ում` որպես ամենամեծ խմբակցություն:
Բրյուսելում ՕԵԿ-ը ներկայացնող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ, ի պատասխան «Ժողովուրդ»-ի  հարցին,  թե «կուսակցությունների շնորհանդեսի» տեսքով ներկայացվածության ժամանակ խոսք եղել է  ԵԺԿ-ին 4 կուսակցությունների անդամության կամ ասոցացված անդամության մասին,  դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ դա կարգավորվում է ընթացակարգերով: Նշենք, որ ՕԵԿ-ն արդեն իսկ  ԵԺԿ-ի մաս կազմող Քրիոստոնեական ինտերնացիոնալի անդամ է:
Հայաստանյան քաղաքական ուժերը երեկ ներկայացրել են իրենց ծրագրերը,  Բրյուսելում հանդիպումներ են ունեցել կուսակցությունների ղեկավարների հետ: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, ինչպես տեղեկացանք եկած շատ բան չասող պաշտոնական հաղորդագրություններից, ԵժԿ-ի  քաղաքական ասամբլեայում ունեցած ելույթում,  անդրադառնալով  գալիք  խորհրդարանական ընտրություններին, խիստ պատասխանատու հայտարարել է. «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»:
«Դավադրությունների» եւ մասոնականության տեսությունների ջերմ երկրպագուների համար հայաստանյան 4 քաղաքական ուժերի միացյալ ինտեգրումը ԵԺԿ-ին այս օրերին քննարկումների  լուրջ  նյութ է դարձել: Այս տեսության ջրաղացի վրա ջուր է լցնում այն իրողությունը, որ EPP-ն համարվում է  ELDR-ի քաղաքական մրցակիցը, որին 2010-ից ասոցացված անդամի կարգավիճակով անդամակցում է ՀՀՇ-ն: Ի վերջո, սկզբում հենց ELDR-ի համագումարի հատուկ բանաձեւում արձանագրվեց մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ապա դա իր արտացոլումը գտավ  բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, զեկույցներում եւ հայտարարություններում:
Մյուս կողմից, համաեվրոպական այս քաղաքական միավորումների եւ գոնե վերջինի  դերը, ինչպես պնդում են  փորձագիտական առավել լուրջ աղբյուրները, պետք չէ գերագնահատել, քանի որ EPP-ն, չնայած իր «ղեկավար կազմին», համաշխարհային կառավարման համակարգի մեջ այնքան  լուրջ դերակատարություն չունի, որքան թվում է առաջին հայացքից. անգամ կառավարող հինգ խմբավորումների ուղղակի մաս չէ:
Իրականում սա պարզապես կոչում են ԵՄ «Արեւելյան գործընկերության» քաղաքական խթանիչ: Հայտնի է, որ  նման ծրագրերի իրականացման ժամանակ, որպես կանոն, աշխատում է հատուկ ծառայությունների քաղաքական բաղադրիչը` ստեղծելու մի տարածք, որտեղ պետք է հավաքվեն այս գաղափարախոսություններին «համապատասխանող» քաղաքական ուժերը: Այլ հարց է, իհարկե, թե ինչպես  կարելի է պատկերացնել  Հայոց բարձրավանդակում նժդեհականություն դավանող քաղաքական ուժի գաղափարական մերձեցումն  այս հսկա կառույցի անդամ կուսակցություններից մեկի հետ, որն, օրինակ, ոչ միայն խիստ լոյալ է հոմոսեքսուալիզմի նկատմամբ, այլեւ ունի այդպիսի կողմնորոշում ունեցող բազմաթիվ անդամներ:
Իսկ որ հռչակված նպատակը եվրաինտեգրացիան է, կարելի է որսալ հենց  վարչապետ Տիգրան Սարգսանի խոսքից: Նա ԵԺԿ-ի քաղաքական ասամբլեայում նաեւ անդրադարձել է տնտեսական բարեփոխումներին, որոնք, ըստ նրա, իրականացվում են Հայաստանում. «Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարեւորագույն նշանակություն են ունենալու արագ եւ էական առաջընթաց ապահովելու համար»:
Չի բացառվում, որ այս «հապճեպ եվրոպական ուղղությունը» ՀՀ իշխանությունների ներքին հրահանգն է կուսակցություններին` արագ ինտեգրվել եվրոպական համապատասխան կառույցներին, քանի դեռ  ռուսները մեզ համանման կառույցներ չեն առաջարկել: Որովհետեւ մի բան է «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելը, մեկ այլ բան` անդամակցելը,  երբ դու  մաս ես  դառնում:
Եւ մի շատ կարեւոր դետալ. պարզվում է` մերոնք հավաքվում են մի տեղ, որտեղ արդեն կա Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ այդ անդամակցությունը  հրահանգվել է նրա համար, որպեսզի ապագայում  փորձ արվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձեւաչափում նաեւ այս կուսակցությունների հետ աշխատանք տանել: Եւ վերջապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որպես կանոն, միջազգային կառույցներում ապահովում են համաժամանակյա անդամություն, ապագայում պետք է սպասել նաեւ ԵԺԿ-ում Ադրբեջանի ներկայությունը:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս