Խորհրդային Միությունը կամ պաշտոնապես՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) նախկին դաշնային սոցիալիստական կոմունիստական պետություն էր Եվրասիայում, որը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին և կազմալուծվել 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։
Անվանապես մի քանի ազգային հանրապետություններից բաղկացած դաշնային միավորում էր, իսկ գործնականում կառավարությունն ու տնտեսությունը խիստ կենտրոնացված էին, ընդհուպ մինչև պետության փլուզումը։ ԽՍՀՄ-ն միակուսակցական պետություն էր մինչև 1990 թվականը, որը կառավարում էր Կոմունիստական կուսակցությունը։ Մայրաքաղաքը Մոսկվան էր, իսկ տարածքով և բնակչությամբ ամենամեծ հանրապետությունը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։
Խոշոր քաղաքների թվում էին Լենինգրադը (ՌԽՖՍՀ), Կիևը (Ուկրաինական ԽՍՀ), Մինսկը (Բելառուսական ԽՍՀ), Տաշքենդը (Ուզբեկական ԽՍՀ), Ալմա-Աթան (Ղազախական ԽՍՀ) և Նովոսիբիրսկը (ՌԽՖՍՀ)։ Իր գոյության տարիներին աշխարհի խոշորագույն պետությունն էր, որի տարածքը կազմում էր 22 402 200 կմ 2 և ընդգրկված էր 11 ժամային գոտիներում։
Մինչև իր փլուզումը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շուրջ չորս տասնամյակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին ԽՍՀՄ-ն ուներ գերտերության կարգավիճակ։