ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐՑՆԵ՞Լ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ բարձրաձայնել է փոստի հետ կապված որոշակի դժգոհության մասին: «Բանակցում ենք կառավարչի հետ, որպեսզի փոխենք կառավարման ձեւը եւ անցնենք կա՛մ կոնցեսիայի, կա՛մ վարձակալության` նշելով համապատասխան ներդրումների չափը: Կարծում եմ` դրա արդյունքում էապես բարելավված փոստ կունենանք»,-ասել է Մ.Վարդանյանը: «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարումը վստահված է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը:

ԻՐ ՊԵՏԻՑ ԼԱՎ ԳԻՏԻ
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2012-ին պլանավորել է 910 մլրդ դրամի եկամուտների հավաքագրում, որից 732 մլրդ-ը կլինեն հարկային եկամուտները: Դեկտեմբերի մեկին հարկային պետական ծառայությունը կհրապարակի ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը: Եթե ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը մինչ օրս հայտարարում էր, թե 2012-ին հնարավոր չէ հարկերից պետբյուջե մուտքագրել անհրաժեշտ 101 մլրդ դրամը, ապա նրա տեղակալն ասել է,  որ արդեն այլ ուղիներ է գտել:

Ո՞ՒՐ Է ԱՃԸ
«Տնտեսական աճի համար այս տարվա բազան կլինի ավելի բարձր: 4.2%-ն իր բացարձակ ծավալով ավելի մեծ է, քան նախորդը` 4.6%: Կարծում եմ` այս տարի կունենանք մի քիչ ավելի, քան նախատեսել էինք: Այս պահին ունենք շուրջ 5% ՀՆԱ աճ եւ արդյունաբերության 13-14% աճ, արտահանման բարձր ծավալներ, եւ բարձր բազայի վրա ունենալ աճ իր բացարձակ մեծությամբ ավելի զգայուն է»,-հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

ԹԱՓՈՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ
«Նոյեմբերի 1-ից սննդամթերքի գործառույթների հետ կապված աշխատանքները պետական ծառայության կողմից հսկողության է ենթարկվում ոչ միայն կենդանական, բուսական ծագման սննդամթերքը, այլեւ ամբողջ սննդամթերքի ցանկով վերահսկողություն է իրականացվում ծառայության կողմից»,-պաշտոնավարման հարյուր օրվա ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

ԲԱ ՀՅԴ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ»-Ը
Անդրադառնալով վերջին հրաժարականներին, մասնավորապես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի պաշտոնաթողություններին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծիք է հայտնել,  թե դրանք անպայման կազդեն ՀՀԿ-ի հաջողությունների վրա: Նա նաեւ նշել է, թե  հեղինակության տեսանկյունից մեր երկրում առաջին տեղում ՀՀԿ-ն է, այնուհետեւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը:

ՄԻՋՆՈՐԴԵԼ Է
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու, ինչպես նաեւ երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ փաստաբան Ստեփան Ոսկանյանը ՀՔԾ  քննիչին միջնորդություն է ներկայացրել: «Եթե միջնորդությունը մերժվի, պատրաստվում ենք դիմել գլխավոր դատախազին»,-«Ա1+»-ին ասել է Ստեփան Ոսկանյանը:




Լրահոս