ՏԵՍԱՅՈՒԹ. «Մենք պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների հետ»․ Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս տարի մենք Ազգային ժողովի բակում ամանորյա տոնածառ էինք տեղադրել, ուր երեխաները պետք է գրեին իրենց ցանկությունները: Oրվա վերջում բակում տեղադրված տոնածառի վրա կար շուրջ 100 նամակ-երազանք՝ ուղղված Ձմեռ պապիկին: Մեկը տիկնիկ էր ցանկանում, մեկը՝ առողջություն մայրիկին, մյուսը՝ ինքնագնաց մեքենա, հատուկ մատնանշել էր՝ «պուլտով», բայց այդ հարյուր նամակներից 93-ը բավականին անսպասելիորեն ուրիշ՝ նույնանման երազանք ու ցանկություն էին պարունակում. Դավիթը, Արմենը, Անին, Արփին, Հայկը, Ռուբենը և մնացած երեխաներն այս կամ այլ ձևակերպմամբ գրել էին մեկ բան, որ նրանց բոլորի երազանքը մեկն է՝ խաղաղություն:

Անկեղծ ասած՝ ես այլ բովանդակությամբ ամանորյա ուղերձ էի պատրաստել, բայց այն, ինչ ես կարդացի, լիովին փոխեց թե’ այս ուղերձի տրամաբանությունը, թե’ բովանդակությունը: Մեր երեխաները մեր կյանքի ամենամաքուր և ազնիվ դատավորներն են, և Ազգային ժողովի համար, մեր թիմի համար սա անսպասելի և շատ զգացմունքային մի պահ էր. ինչպե՞ս և ինչո՞վ պետք է լցված լինի մեր մանկահասակ՝ 7, 8, 9 տարեկան երեխաների կյանքը, որ իրենք տիկնիկի, խաղալիքի փոխարեն խաղաղություն երազեն։

Այն երեխաները, ովքեր տիկնիկ և այլ խաղալիք էին ցանկացել, Ազգային ժողովը, իհարկե, կիրականացնի, իսկ մնացած 93 երեխաների, մեր երեխաների գերակշիռ մասի երազանք-ցանկությունը պետք է կատարենք մենք բոլորս՝ միասին: Այո՛, դա հեշտ չէ, նույնիսկ շատ դժվար է, բայց խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել:

Մենք կռվել գիտենք, և հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը: Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության և նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարևանների հետ:

Այո՛, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության և իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաև՝ գլուխ գովելու և մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը: Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ և անհոգ կյանքով, դա այն է, ինչ առաջին հերթին մենք պետք է ձգտենք թողնել մեր սերունդներին՝ որպես մեր իրական ժառանգություն:

Ուստի, եկե՛ք բաժակ բարձրացնենք հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների և, իհարկե, հանուն ազատ, ինքնիշխան, խաղաղ և հավերժ Հայաստանի Հանրապետության: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Աստված մեզ օգնական»:




Լրահոս