Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի աղբավայրում հրդեհ է բռնկվել ու քանի որ համայնքապետարանին պատկանող տեխնիկան գտնվում է անսարք վիճակում, անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ովքեր տեղում ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։Ժամանել են նաև Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչները։
Պարզվել է, որ այրվում է աղբավայրում կուտակված աղբը։Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։