Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբը զսպող դեր ունեցավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Շեշտում եմ, որ դիմումը եղել է ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը։ Դիմելու պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցավ Ղազախստանին»,- ասել է Տոկաևը «Egemen Qazaqstan»–ի հետ զրույցում։
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չեն արձակել։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի և ժամկետից շուտ։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ եղան ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրեց երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը նա երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն մտցրեց։ Տոկաևն օգնության համար դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, և ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ ուղարկեց Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: