Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններն այսօր փորձաքար են դարձել ոչ միայն կոնկրետ դերակատար երկրների, այլև Ռուսաստանի հետ այս կամ այն կերպ կապված պետությունների համար: Եվ այդ առումով բավականին ուշագրավ է Ռուսաստանի հետ մերձավորագույն հարաբերություններ ունեցող երկրների ` Մաքսային միության անդամներ Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված Ռուսաստանի քաղաքականության շուրջ:
Եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչ օրս խուսափել է բաց տեքստով կողմերից որևէ մեկին սատարող կամ քննադատող հայտարարություններ անելուց, ապա Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը միանգամայն ուղիղ ձևով հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սատարելու մասին: Ընդ որում ` Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցից հետո այդ դիրքորոշումը նա ամրագրել է նաև Անգելա Մերկելի հետ զրույցում: Բանն այն է, որ Ղազախստանում լուրջ «մտահոգություններ» ունեն առ այն, որ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է նույն մեխանիզմը կիրառել նաև Ղազախստանի նկատմամբ ` պառակտողական քաղաքականությունն իրագործելով երկրի հսկայական ռուսալեզու և ՌԴ անձնագրեր ունեցող բնակչության միջոցով: Ղազախ վերլուծաբաններից շատերը նման հեռանկարը միանգամայն հավանական են համարում Եվրասիական միությանն անդամակցությունից Նազարբաևի հրաժարվելու դեպքում:
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահին, թեև նա իր հրապարակային չեզոքությունը փորձում է հիմնավորել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ ունեցած հավասարապես սերտ տնտեսական հարաբերություններով, այդուհանդերձ ` դիտորդների աչքից չի վրիպում այն փաստը, որ Բելառուսի իշխանական լրատվամիջոցներում նկատելի է Ռուսաստանի հասցեին տողատակերով հնչեցվող քննադատությունը:
Այսպիսով ` կարելի է արձանագրել, որ Մաքսային միության երեք անդամների միջև արդեն իսկ առկա է առայժմ չբարձրաձայնվող ներքին հակասություն, որը հետագայում կարող է պատճառ հանդիսանալ հարաբերությունների է՛լ ավելի սառեցման, անգամ` խզման: Եվ ահա այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները, փոխանակ հնարավոր բոլոր միջոցներով երկարաձգեն Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, Սերժ և Տիգրան Սարգսյանների գործուն ջանքերով անում են ճիշտ հակառակը:
Պարզ է, որ դա արվում է շատ կոնկրետ ճնշումների ներքո, սակայն նույնքան ակնհայտ է և այն, որ ցանկության դեպքում հնարավոր է գտնել ելքեր, ընդ որում ` միանգամայն համոզիչ, Մաքսային միությանն անդամակցության գործընթացը երկարաձգելու համար: Եթե, իհարկե, խոսքը Սերժ Սարգսյանի վրա գործադրված անձնական բնույթի ճնշումների մասին չէ: