ՖՈՏՈ. Շիրակի մարզպետն այցելել է զորամաս, ծանոթացել պայմաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ այսօր այցելել է N զորամաս։

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հրամանատարի` գնդապետ Սամվել Հարոյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է զորամասում, ծանոթացել պայմաններին, շնորհավորել Նոր տարվա առթիվ, բարի և անփորձանք ծառայություն մաղթել զինծառայողներին.

«Այս տարի Ամանորը դիմավորել եմ մեր զորամասերից մեկում։ Առանձնակի ոգևորող, միևնույն ժամանակ պարտավորեցնող է, երբ հանդիպում ես երիտասարդների, որոնց աչքերում հավատի ու խանդավառության հետ կան նաև անսահման խիզախություն ու հայրենի հողը պաշտպանելու մեծ պատրաստակամություն։ Նույն ոգին, նույն կամքն ու արիությունը ձեզ մոտ կա, ինչը հուզմունքի աստիճան ոգևորող է։ Օրեր անց մեկնելու եք մարտական հերթապահության, ես ուզում եմ ձեզ և՛ շնորհակալություն ասել, և՛ անփորձանք ու խաղաղ ծառայություն մաղթել, քանզի վստահ եմ` ձեր առջև դրված մարտական առաջադրանքը կատարելու եք ամենայն պատասխանատվությամբ, անձնվիրաբար և պատվով եք պաշտպանելու մեր երկրի սահմանները։ Թող 2024-ը մեր երկրի համար խաղաղության ու հաղթանակների տարի լինի, սեր ու համերաշխություն լինեն ձեր բոլորի ընտանիքներում»,- նշել է մարզպետը։

Մուշեղ Մուրադյանը զինծառայողներին կոչ է արել մարտական հերթապահությունն իրականացնելիս լինել զգոն ու աչալուրջ, հաջողություն ու բարի վերադարձ մաղթել բոլորին։
Շիրակի մարզպետն այնուհետև զորամասի բակում ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշաքարին։




Լրահոս