Հայաստանի նորանկախ հանրապետության 23-ամյա պատմությունը մեզ արդեն ցույց է տվել, որ պաշտոնյաների փոփոխությամբ խնդիր չի լուծվում, ընդամենը որոշ մարդկանց եկամուտներն ու հնարավորություններն են ժամանակավորապես փոխվում: Իսկ համակարգը մնում է նույնը և գնալով ավելի է նեխում, լճանում: Բայց սեփական սխալներից դասեր քաղերը կարծես թե մեզ համար չէ, և ամեն անգամ ժողովուրդն էլ ներքաշվում է նույն խաղի մեջ ` առանց հասկանալու, որ ինքն այստեղ ընդամենը խաբված հանդիսատեսի դերում է:
Ոչ կոալիցիոն ուժերի հանդիպումների շրջանակներում այսօր ժառանգականների կողմից արդեն շրջանառվում էր 4 ուժերի համախմբմանը ՀՀԿ-ի միանալու վարկածը ` միասին երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու ակնկալիքով: Եվ սա ասվում է ԲՀԿ-ի հետ հանդիպումից առաջ: Արդեն իսկ պարզ է, որ այս վարկածը նաև իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ի սրտով է լինելու, ում գերնպատակը վարչապետին ու կառավարությունը փոխելն է ` այսինքն, կառավարությունում պորտֆելներ ստանալը, քանի որ դժվար թե նրանք մի քանի ՀՀԿ-ականների ուզենան փոխել մի քանի այլ ՀՀԿ-ականներով: Նախագահի դեմ նրանք ամեն դեպքում դուրս չեն գա, քանի որ այլընտրանք են, իսկ այլընտրանքը ընդդիմություն չէ, ինչպես որ չի կարող ընդդիմություն լինել նաև օլիգարխը:
Ամենահետաքրքիրն այն է, որ նման վարկածներ հայտնվում և շրջանառության մեջ են դրվում առեսերես առանց ՀՀԿ-ականների հետ համաձայնեցնելու: Այսինքն, մարդկանց մոտ չի առաջանում այն պարզագույն հարցը ` իսկ հանրապետականը երբևէ մտածե՞լ է ձեզ միանալու մասին, կամ ինչու՞ պետք է միանա: Ինչու՞ պետք է պաշտոններ զիջի նախկինում իշխանություն եղած և հիմա այլընտրանք ու ընդդիմություն դարձած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որպեսզի իրենց փոխարեն նրա՞նք գան վայելեն: Բայց չէ՞ որ իրենք էլ վատ չեն վայելում:
Այստեղ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այսօրվա հղած մեսիջին. «Սաղ աշխարհը մեզ է ուզում միանալ, Դուք ասում եք ` մենք միանանք»: Գալուստ Գրիգորիչի ակնարկած ` «սաղ աշխարհը» տվյալ դեպքում ոչ իշխանական քաղաքական ուժերն են: Մենք բազմիցս արդեն առիթ ենք ունեցել հասկանալու, որ Գալուստ Սահակյանը իշխանության ամենավերին օղակների կողմից ազդակներ փոխանցողի գործառույթ է իրականացնում, նույնիսկ նրա արտահայտած «բոցերը» պատահական ծագում չեն ունենում: Այնպես որ այսօրվա ազդակը նույնպես մտածելու տեղիք է տալիս:
Որքան էլ տխուր է, այնուամենայնիվ այս ամենից հեղափոխության հերթական իմիտացիայի հոտ է գալիս, որի արդյունքում ԲՀԿ-ն իր շուրջը համախմբելով նախկինում իշխանության համը զգացած և կորցրած ` ընդդիմության որոշ ներկայացուցիչների, պարզապես հերթական անգամ կարող է հուսադրող տրամադրություններ ստեղծել հասարակության մի հատվածի մոտ, այնուհետև օգտագործելով հասարակական աջակցությունը ` կրկին մխրճվել իշխանական բուրգի մեջ` ձեռք բերելով մի քանի պաշտոններ: Իսկ որպես այլընտրանք` այլընտրանքը կարող է ներկայացնել միայն աթոռների հավակնորդ մարդկանց, բայց ոչ համակարգային փոփոխությունների հստակ ծրագրեր: Դա կլինի ոչ թե հեղափոխություն, այլ «աթոռափոխություն»: Եվ վերջապես, արդյունքը կարող է լինել նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար արդեն իրական հող նախապատրաստելը:
Ի դեպ, Քոչարյանի օրոք, մամուլի ազատությունը շատ անմխիթար վիճակում էր, և առհասարակ, այսօր այլընտրանքն ու ընդդիմադիրները շատ են կարևորում այս հարցը, բայց միայն խոսքով: Հենց հերթը հասնում է ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին մամուլում քննադատելուն, միանգամից հայտնվում է օգտատերերի բանակ, որը վիրավորանքների անձրև է հեղեղում քննադատողների վրա: Իսկ ու՞ր մնաց հանդուրժողականությունը, բազմակարծությունը…
Այս երևույթի գագաթնակետն այսօր էր, երբ ԲՀԿ-ական երիտասարդների մի խումբ դհոլներով «բողոքի ակցիաներ» էին իրականացնում «Հայկական ժամանակ»-ի և «1in.am»-ի խմբագրությունների մոտ: Եթե այսօր, դեռ չլինելով իշխանություն, ԲՀԿ-ի և որոշ ընդդիմադիրների մոտ իրենց հասցեին յուրաքանչյուր քննադատություն կարող է հիստերիայի պոռթկում առաջացնել, ապա ի՞նչ կանեն նրանք, եթե մի օր գան իշխանության, տվյալ լրագորղի հետևից «քիլլեր» կուղարկե՞ն:
Կարեն Վարդանյան