ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի քանի օր է՝ հայ-վրացական սահմանին մարդիկ գիշերում են հատակին, ահռելի կուտակումներ են, իսկ կառավարությունն անգործություն է ցուցաբերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի օր է, ինչ ահազանգներ է ստանում, որ հայ-վրացական սահմանին մարդիկ գիշերում են հատակին, ահռելի կուտակումներ են այնտեղ, իսկ հայրենի կառավարությունն անգործություն է ցուցաբերում:

Ինչպես հայտնի է՝ այս տարի մեծ թվով հայեր Ամանորը նշել են հարևան Վրաստանում: Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 28, 29, 30, 31 հայ-վրացական սահմանի՝ Բագրատաշենի անցակետի մոտ մեքենաները, այդ թվում՝ մարդատար միկրոավտոբուսները, ստիպված են եղել ժամերով սպասել:

Մի քանի ժամվա ճանապարհը շատերը անցել են շուրջ 12-16 ժամում, ինչի հետեւանքով սահմանին օրեր շարունակ մարդկանց ու մեքենաների կուտակումներ են:
Մարդիկ ստիպված են եղել սպասասրահի գետնին քնել, մանկահասակ երեխաները նույնպես քաղցած ստիպված են եղել իրենց ծնողների հետ սպասել երկար ժամանակ:

Հայ-վրացական ահմանին սպասող քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ArmLur.am-ին հասնում, որ իրենք դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի քայլեր ձերնարկվեն՝ խնդրի շուտափույթ լուծման համար, սակայն ՝ ապարդյուն: Կառավարությունն անգործություն է ցուցաբերել, ոչինչ չի ձեռնարկել ու փաստացի անորոշության մեջ է թողել սահմանին օրերով սպասող քաղաքացիներին:

ArmLur.am-ը դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե ի վերջո ինչու՞ քայլեր չեն ձեռնարկվում խնդրի լիւծման համար:
ՏԿԵՆ-ից, սակայն, հստակ որեւէ պատասխան չտվեցին. «Հավանաբար դա մեր տիրույթում չի գտնվում, ենթադրում եմ, որ դա մարդկանց մեծ հոսքով է պայմանավորված, ովքեր գնում էին Վրաստան ամանորը նշելու»:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ասաց.
«Հայկական կողմից ոչ մի կուտակում չի եղել, և ես իրավասու եմ պատասխանել միայն հայկական կողմի համար: Մաքսավորները հայկական կողմից շատ արագ և պատշաճ են սպասարկել»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս