2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանվելով շատ ու շատ արցախցիներ բախվել են մի շարք խնդիրների: Իրենց խնդիրներով են առանձնանում նաև թոշակառուները:
«3 ամիս է, ինչ թոշակ չեմ ստացել, հիմա էլ ասում են, որ Հայաստանում մեր ունեցած կարգը հաշվի չի առնվում: Աջակցության ծրագրերից էլ միայն 100 հազարական միանվագ դրամական աջակցությունն եմ կարողացել ստանալ, մնացածն ստանալու համար բանկային հաշիվ է պահանջվում, որի համար դիմել եմ ու սպասում եմ քարտի տրամադրման»,- ArmLur.am-ի հետ զրուցում ասում է Արցախից բռնի տեղահանված թոշակառու Գայանե Խաչատուրյանը:
Տիկին Գայանեն 9 հոգանոց 3 ընտանիքի հետ ապրում է Արարատի մարզում: Վարձակալած տան պայմաններից չի բողոքում, բայց ասում է, որ տունը կարգի բերելու համար շատ են աշխատել:
«3 ընտանիք ենք: Ասել ենք միավորվենք, մի տան մեջ հավաքվենք, որ տան վարձն էլ կարողանանք տալ: Տանը փայտից վառարան ենք դրել, քանի որ տունը այգի ունի ու ցախ ենք հավաքում՝ վառելու համար»,- ասում է մեր զրուցակիցը:
Տիկին Գայանեն աում է, որ մարզպետարանից և ՀՕՄ-ից օգնություն ստացել են՝ 2 անգամ սննդի տեսքով, մի անգամ կենցաղային պարագաներ ու մի անգամ էլ վերմակ են տրամադրել: Գայանե Խաչատուրյանն ասում է, որ մի քանի անգամ դիմել է տարբեր պատկան մարմինների, որպեսզի ընտանիքից գոնե մեկը ստանա կենցաղայի ապրանքներ ձեռքբերելու համար տրամադրվող 40 հազար և 68 հազար դրամի քարտերը:
«Մինչ օրս ընտանիքի որևէ անդամ ո՛չ 40-նն է ստացել, ո՛չ էլ 68-ը: Դիմել եմ սոցապին, մարզպետարանին ասել եմ՝ թոշակառու եմ սոցիալական առաջին կարգով, տանը 3 անչափահաս երեխա կա, բայց պատասխանել են, որ դեռ մեր հերթը չի: Հիմա էլ ասում են էլ այդ ծրագիրը չի գործում: Ընտանիք կա տան վեց անդամը ստացել է, ընտանիք էլ կա մի հոգի էլ չի ստացել: Մեկին յուղում են, մեկին դաղում: Կարգն է այդպիսին»,- ասում է Գայանե Խաչատուրյանը: