Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու դեպքի գործով 3 մեղադրյալ կա, բոլորը կալանավորված են:
«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Մենք ունենք նաև պատվիրատու անձին, ում համար նկարահանվել են այդ տեսանյութերը, նա ևս ունի համապատասխան դատավարական կարգավիճակ: Նաև բացահայտվել է այն անձը, որը ի սկզբանե տարածել է այդ բովանդակությամբ տեսանյութը, նա ևս ունի մեղադրյալի կարգավիճակ»,-ասել է ՔԿ նախագահը:
Պատվիրատուն կալանավայրից է: Երեխայի հայրն այս գործով որևէ կարգավիճակ չունի:
Եվ կատարողը, և պատվիրատուն, և հրապարակողը բացահայտված են: Այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին գրել էր, որ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արևշատյանից բացի, ևս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը ևս մանկապղծության համար է կրում իր պատիժը:
Բանն այն է, որ քննությամբ պարզվել է՝ երեխաների մայրը նմանօրինակ տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ ինչո՞ւ է նա նկարել ու կոնկրետ ուղարկել այդ տղամարդուն. նմանօրինակ տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս դեպքով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ ևս եղել է հեռախոս՝ գործի համար արժեքավոր նյութերով: