Գյուղապետը կարտագաղթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Թանահատ համայնքում այս պահին բնակվում է ընդամենը 4 ընտանիք: Թանահատում գերակշռում է ծերացող ընտանիքների թիվը, քան երիտասարդներինը:

Այս և այլ թեմաների շուրջ զրուցինք համայնքապետ Արսեն Օհանյանի հետ: Մեր այն հարցին, թե վերջին երեխան ե՞րբ է ծնվել գյուղում, համայնքապետը մեծ դադար տվեց ու պատասխանեց. «Երեք տարի առաջ»:

-Պարոն Օհանյան, էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումն ինչքանո՞վ է ազդել թանահատցու գրպանի վրա:

-Մեր բախտը բերել ա, գազ չունենք (ծիծաղում է-Ս.Հ.):

-Գազ չունեք, բայց լույս ունե՞ք:

-Էներգիայի հարցով խնայողության ռեժիմ է: Միայն լույս և հեռուստացույց: Վառելիքի հույսին են: Աթարով են տաքանում ու մյուս գործողություններն էլ դրանով են կատարում:

-Միտք ունե՞ք գազաֆիկացնել գյուղը:

-Բացառվում է: Մեծ ծախսերի հետ է կապված: Համայնքապետարանը գումար չունի:

-Ինչո՞վ են զբաղվում մարդիկ, եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:

-Հիմնականում անասնապահությունն է: Բարձր լեռնային գոտում է գյուղը: Ճիշտ է, հրաշք բնություն ունի, բայց ցանքս չենք կարողանում անել:

-Գյուղում 4 ընտանիք է ապրում նախկին ` 22-ի փոխարեն: Ինչո՞ւ:

-Երևանն այդպիսի բարգավաճող մայրաքաղաք, այդտեղից ավելի շատ են հեռանում, քան այս գյուղերից: Ուղղակի մեզ մոտ դա լավ երևում է, իսկ Երևանում `  ոչ:

-Ի՞նչն է պատճառը:

-Երբ ընտանիքում երեխան մեծանում է, հեռանում են գյուղից, որովհետև դպրոց չկա: Երևանի ճանապարհներն ամեն մեկը 5-6 տակ իրար վրա ասֆալտ են անում, անսահմանափակ քանակությամբ ծախսեր են անում `  առանց հաշվի առնելու, որ ռայոններում հանրապետության սահմանները պահող գյուղերն ու ժողովուրդը բացարձակապես անտեսված են: Թե էս գյուղերը վերացնելով ուր են գնում, չգիտեմ:

-Եթե չեմ սխալվում, Ձեր համայնքում առաջիկայում գյուղապետի ընտրություններ են լինելու: Կցանկանա՞ք վերընտրվել:

-Գյուղապետի աշխատավարձը ` 60-70 հազար դրամը, որ չլինի, լույսի վարձը որտեղի՞ց տամ, մյուս կարևոր հարցերը ո՞նց լուծեմ: Գնալու եմ Ռուսաստան: Ընտրվեմ, թե ոչ, գնալու եմ: Լացելու է մեր վիճակը:

-Ընտանիքով եք գնալու, թե՞ միայնակ:

-Ընտանիքին տանելը ռիսկային է: Ախր, տարիքս էլ էն չի, է: Մեծ եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Ինձ սնող, պահող հողից ո՞ւր փախչեմ: Բայց ուրիշ ելք չկա:

-Դպրոց չլինելու, մարդկանց հեռանալու, գյուղում ստեղծված վատ պատկերի հարցերով դիմե՞լ եք մարզպետին, կառավարությանը:

– Բոլորը անգիր գիտեն, թե որ գյուղում քանի մարդ է ապրում կամ ինչու չի ապրում և ինչ խնդիր ունի: Լավ կլինի: Էդ հույսով ենք:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս