Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։




Լրահոս