Արգենտինացի հայտնի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոյին Երախտագիտության մեդալ է շնորհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հունվարի 5-ին տեղի է ունեցել արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից, Երախտագիտության մեդալի շնորհման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ներկայացնելով Մորենո Օկամպոյի գործունեությունը՝ դեսպան Հովհաննես Վիրաբյանն ընդգծեց, որ նա մեծ ավանդ ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության գործում, հավելեց, որ Մորենո Օկամոպոն իր զեկույցով օգնեց հանրայնացնել արցախահայության հանդեպ իրականացվող հանցագործությունը և ճշգրիտ իրավական գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին: Նշվեց, որ մեդալը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակչի, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և ամբողջ հայության երախտագիտության հանրագումարն է:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տեսաուղերձը, որում ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց Լուիս Մորենո Օկամպոյի կատարած աշխատանքը՝ որպես հեղինակավոր իրավաբան և մարդասեր, արցախահայության կյանքի, սեփականության և վերադարձի իրավունքները պաշտպանելու և ցեղասպանության կանխարգելմանը նպաստելու ուղղությամբ: Այնուհետև դեսպանը Հանրապետության նախագահի անունից Երախտագիտության մեդալը փոխանցեց Լուիս Մորենո Օկամպոյին, նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ապա նշեց, որ իր համար պատիվ է ցեղասպանության կանխարգելմանն գործին նպաստ բերելը: Հավելեց, որ հայերի համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ կրկին հայ ազգը ցեղասպանության զոհ է: Ընդգծեց, որ այդ վտանգը դեռ առկա է: Այդ համատեքստում կարևորեց հայկական սփյուռքի ներուժը և համախմբված ու շարունակական գործունեությունը՝ հատուկ նշելով արգենտինահայ համայնքի օրինակը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի և լրատվական միջոցների ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին». այսպես է վերնագրել իր զեկույցը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն:




Լրահոս