ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՐԸ` ՍՈՒՐԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մինչեւ վերջերս Սուրիկ Կոստանյանի մասին խոսելիս բոլորը հիշատակում էին նրա` դատավոր ու Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ լինելու մասին, ապա հիմա նրան մտաբերելու համար մարդիկ անմիջապես հիշատակում են զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի անունը, որպեսզի կարողանան մտաբերել, թե ով է Սուրիկ Կոստանյանը: Պատճառն այն է, որ կարճ ժամանակամիջոցում երիտասարդ զինդատախազն այնպիսի «լեգենդար» հռչակ ձեռք բերեց, որ հիմա բոլորի ուշադրությունը սեւեռված է նրան` մոռացության մատնելով հայր Կոստանյանի ոչ պակաս «լեգենդար» անձը:
Այս դատավորը, ի տարբերություն իր շատ գործընկերների, ունի «բանվորագյուղացիական» կենսագրություն, ծնվել է Գետաշեն գյուղում, ծառայել խորհրդային բանակում, ապա նոր միայն դիմել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ: Սակայն բուհն ավարտելուց հետո այն տարիների համար աննախադեպ կարիերա է ստեղծել Սուրիկ Կոստանյանը` հայտնվելով ՀՍՍՀ Գերագույն դատարանի խորհրդատուի, ապա արդեն ավագ խորհրդատուի պաշտոնում: Թե ով էր կանգնած նրա թիկունքին, եւ ով էր համալսարանը նոր ավարտած երիտասարդին երկրի գլխավոր դատական ատյանում խորհրդատուի պաշտոն տվել, չգիտենք: Ուղիղ 9 տարի խորհրդատուի եւ ավագ խորհրդատուի պաշտոններում աշխատելուց հետո` 1989-ին, նշանակվել է նույն դատարանի հսկողական բաժնի պետի տեղակալի պաշտոնում: Այսինքն` գրասենյակային աշխատանք` փոքր-ինչ հեռու իրավաբանական հստակ գործունեությունից:
Անկախության հռչակումը խիստ բարեբեր եղավ Կոստանյանի համար, որովհետեւ բոլորի համար անսպասելի` 1991-ին նշանակվեց ՀՀ Գերագույն դատարանի անդամ քրեական գործերի դատական կոլեգիայի կազմում: 1991-1998թթ. քրեական գործերի պատմություններն ուսումնասիրելով եւ շատ որոշումների եւ վճիռների տակ տեսնելով նաեւ Սուրիկ Կոստանյանի ստորագրությունը` համոզվում ենք, որ նա մեծ մասնակցություն է ունեցել բազմաթիվ քրեական գործերի աղավաղումներին: 1998-ին իշխանությունները որոշել են Սուրիկ Կոստանյանին պարգեւատրել եւ նշանակել նախկին Մաշտոցի շրջանի ժողդատարանի նախագահի պաշտոնում, ուր մեկ տարի աշխատելուց հետո արդեն հայտնվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում: Ասում են, որ այստեղ նա գործել է Թոխմախի Մհերի` Մհեր Սեդրակյանի անմիջական ղեկավարությամբ, շատ հաճախ կատարել թաղապետի կամայական հանձնարարությունները, կարճել մի շարք գործեր, վճիռներ կայացրել ոչ հանուն արդարության: Այս դատարանում աշխատելու ժամանակ Սուրիկ Կոստանյանն իրեն սկսեց արտոնյալ զգալ ոչ միայն դատարանում, այլեւ շենքում, ուր ապրում է:
Իսահակյան թիվ 22 շենքի առաջին մուտքի մի խումբ բնակիչներ տարիներ առաջ գրել էին թերթերին, որ «Ս.Կոստանյանի գործողությունների հետեւանքով իրենց փոքր բիզնեսի կետերը փակվել են, ոտնահարվել Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, որ նա խախտում է համակեցության կանոնները, դատավորի էթիկայի եւ բարոյականության նորմերը»: Դե, համակեցության նորմերը խախտողի համար ի՞նչ մի դժվար բան էր նաեւ իրավական նորմերը ծառայեցնել սեփական «նախասիրություններին»: Հիշատակենք միայն մի դեպք: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը Կարապետ Կրմզյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 2004թ. օգոստոսի 19-ին վերադարձրել է լրացուցիչ նախաքննության: Դատախազությունից դեկտեմբերի 7-ին ՀՀ դատարանի նախագահների խորհրդի նախագահ Հենրիկ Դանիելյանին ուղարկված միջնորդագրում այդ գործի առնչությամբ ուշագրավ մանրամասներ կան: Ըստ այդմ, քրգործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ որոշման եւ գործի նյութերի միջեւ եղած հակասությունների առկայությունը քողարկելու նպատակով դատական նիստի արձանագրության մեջ (նախագահող դատավոր` Ս.Կոստանյան) աղավաղվել են ամբաստանյալի, տուժողների եւ վկաների կողմից դատաքննության ընթացքում տրված եւ անգամ դատական նիստում հրապարակված նախաքննական ցուցմունքները: Չնայած նրան, որ դատախազությունից վերը նշված միջնորդագրով շատ համեստ պահանջ է ներկայացվել, Հ.Դանիելյանը միջնորդագրի քննարկման արդյունքների եւ ձեռնարկված միջոցառումների մասին գլխավոր դատախազությանն այդպես էլ տեղյակ չի պահել: Հետագայում նմանաբնույթ միջնորդագիր է հղվել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի եւ դատարանների նախագահների խորհրդի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանին, սակայն Ս.Կոստանյանն այդպես էլ չի պատժվել, այսինքն` նույնիսկ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել:
   Մեկ այլ դրվագ. Ս.Կոստանյանը` որպես նշված դատարանի նախագահ, իր պարտականությունը չկատարելով եւ դատավորների հերթապահություն չսահմանելով, 2004թ. արհեստականորեն լուրջ խոչընդոտներ է ստեղծել նախաքննության եւ հետաքննության ընթացքում առաջացած անհետաձգելի գործողությունների օպերատիվ կատարման համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է դատարանի թույլտվություն պահանջող անհետաձգելի քննչական գործողություններին, որոնց կարիքը կարող էր առաջանալ, եւ առաջացել է նաեւ հանգստյան օրերին:
Ս.Կոստանյանին դատախազությունից 2004թ. մարտին եւ մայիսին գրավոր առաջարկվել է Երեւանի մյուս համայնքների դատարանների օրինակով սահմանել դատավորների հերթապահություն: Սակայն վիճակը չի շտկվել, իսկ վերջին գրությանը Ս.Կոստանյանը չի բարեհաճել պատասխանել: Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ս.Կոստանյանը 2005թ. հոկտեմբերին հրաժարվել է Վահան Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով (Քր.օր.-ի 114 հոդ. 2-րդ մաս) մեղադրող Տ.Ուզունյանին տրամադրել դատական նիստի արձանագրության պատճենը, ըստ էության, մերժել մեղադրողի գրավոր ներկայացրած օրինական միջնորդությունը: Հ.Մանուկյանը տեղեկացվել է նաեւ այդ, այսինքն՝ Ս.Կոստանյանի կողմից իր պարզաբանումն արհամարհելու մասին, սակայն վերջինս դարձյալ անպատիժ է մնացել: Մի դեպք էլ է առնչվում Սուրիկ Կոստանյանի կենսագրությանն արդեն Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում: Այս դատարանի նախկին դատավորներից մեկը` Կարեն Ստեփանյանը, հենց Կոստանյանի աշխատասենյակում կտրել էր իր երակները… Էլ չենք խոսում այն մասին, որ Կարեն Ստեփանյանը Կոստանյանի դրդմամբ կայացրել էր մի վճիռ, որը հայտնվել էր ԱԱԾ ուշադրության կենտրոնում… Այս փաստն արդեն բավական էր, որպեսզի Կոստանյանն անմիջապես պատասխանատվության կանչվեր, զբաղվեին նրանով, սակայն… Իսկ հիմա էլ ո՞վ կհամարձակվի ձեռք տալ զինդատախազի հորը, ո՞վ կհամարձակվի հետաքրքրվել նրա բիզնեսով, ունեցվածքով, նրա շքեզ ավտոմեքենայով կամ էլ բնակարանով…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս