Եվրամիությունը պետք է ստեղծի իր զինված ուժերը, որոնք կկանխեն պատերազմները և կպահպանեն խաղաղությունը։ Այս մասին La Stampa-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Եթե մենք ուզում ենք լինել համաշխարհային խաղաղության կրողը, մեզ անհրաժեշտ է եվրոպական բանակ։ Սա եվրոպական արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հիմնարար նախապայման է»,- կարծում է քաղաքական գործիչը։
Ըստ Տայանիի՝ բազմաթիվ ճգնաժամերով աշխարհում, որը ընդգրկում է հսկայական տարածք Մերձավոր Արևելքից մինչև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, եվրոպական երկրների համար ընդհանուր բանակը պետք է դառնա «կոնկրետ փաստ»:
Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիությունում շրջանառվում են քննարկումներ, որ ԵՄ-ն պետք է ստեղծի իր բանակը։ Օրինակ՝ 2022 թվականի գարնանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը խոսեց եվրոպական զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին։