ՀՆԳՕՐՅԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ից 12-ը տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ: Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք նախարարություններից, մարզպետարաններից ու Երեւանի քաղաքապետարանից:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Պետության պարենային անվտանգություն» եւ «Պետության տնտեսության անվտանգություն» թեմաներով դասախոսություններ են կարդացել Սերգո Կարապետյանն ու էկոնոմիկայի փոխնախարարը: 

ՀԱՐՑ.  Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս այդ պլանային միջոցառումները հայրենի չինովնիկներին: Հնարավո՞ր է՝ այդ դասախոսություններն արթնացնեն նրանց հայրենասիրությունն ու ազգային անվտանգության պահպանման շահագրգռվածությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն եմ, որ կան պետական պաշտոնյաներ, որոնց  ոչ մի դասախոսություն էլ չի կարող  օգնել: Իսկ թե ինչ կտան պետական պաշտոնյաներին  այդ դասախոսությունները, չեմ կարծում, որ ոչինչ չեն տա: Կարծում եմ` ինչ-որ սովորելու բան կունենան: Կարեւորն այն է, թե տվյալ դասախոսությունից ով իր համար ինչ կվերցնի:  Չեմ կարծում, որ մի դասախոսությունով հնարավոր լինի արթնացնել նրանց հայրենասիրությունը,  եթե նրանք ի սկզբանե ունեն  հայրենասիրության խնդիր:   

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ շատ ճիշտ քայլ է իրականացրել պաշտպանության նախարարությունը, քանի որ հայ-ադրբեջանական գիծն առայժմ գտնվում է հրադադարային ռեժիմում: Հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, կարծում եմ` անհրաժեշտ է, որ մեր պետական կառավարման ղեկավարները տիրապետեն ինչպես քաղպաշտպանության սկզբունքներին, այնպես էլ կազմակերպչական խնդիրների լուծման օպերատիվ  սկզբունքներին:

 ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, ինքս այդ մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ դա լավ գաղափար է, եւ տա Աստված, որ այդ գաղափարն ունենա արդյունքներ:  

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՌԱԿ ատենապետ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս