Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բողոքարկման արդյունքում վերացրել է իր իսկ որոշմամբ «Հրապարակ» օրաթերթի դրամական հաշիվների վրա դրված կալանքը` այն փոխարինելով թերթի գույքի վրա դրված կալանքով: Հիշեցնենք, որ հիմա էլ փաստաբան Արթուր Գրիգորյանն է վիրավորվել «Հրապարակ»-ի կայքում տեղադրված «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի տակ ընթերցողների թողած մեկնաբանություններից եւ իր վիրավորանքը գնահատել է 18 միլիոն դրամի չափով:
18 միլիոնը դրամը կամ 47 հազար ԱՄՆ դոլարը ստացվել է հետեւյալ կերպ. ամեն մի մեկնաբանության մեջ հայցվորը հաշվել է համապատասխանաբար մեկ եւ երկու միլիոն դրամի վիրավորանք եւ զրպարտանք` ընտրելով վեց բառ եւ դրանք բազմապատկելով 3-ով: Ինչպես ինքն է նշել իր հայցում՝ «6 հատ մեկնաբանության համար ընդհանուր հանրագումարով 18 մլն դրամ»:
Նշենք, որ դատարանն ընդունել է 18 միլիոն դրամի պահանջով վարույթը, սակայն փոխել է նաեւ որոշման այն մասը, որով փաստաբանի պահանջով արգելանք էր դրվել «Արթուր Գրիգորյանի մասին տեղեկություններ տարածելու իրավունքի վրա», այլ խոսքով` գրաքննության: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ դեպքն է: Նախորդ անգամ նման քայլի գնաց դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Պարզվում է` նրա փաստաբանը հենց Արթուր Գրիգորյանն է եղել, ով, ըստ «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի, ցենզուրան դարձրել է իր «նոու հաուն»: Ինչ վերաբերում է, ընթերցողների փոխարեն թերթի պատասխանատվությանը, ապա ըստ խմբագրի` նույն հաջողությամբ կարելի է դատի տալ «Ֆեյսբուք»-ին, իսկ ընդհանուր առմամբ` Մարկ Ցուկերբերգին` ցանցում գրված կարգավիճակների համար: Արմինե Օհանյանի համար հատկապես զարմանալի է, որ փաստաբանն է նման թվաբանություն անում` առանց հաշվի առնելով օրենքի տրամաբանությունը, որն այն չէ, որ ամեն մի բառի համար կարելի է 3 միլիոնի վիրավորվել եւ զրպարտվել:
«Շատ հեշտ ճանապարհ դարձավ թերթերի դեմ դատարան դիմելը, մեկ-երկուսը շահեցին, տեսան, որ կարելի է փող աշխատել, բերան փակել: Իրականում այսպես կործանվում է մամուլը, եթե մի քանի ամիս էլ շարունակվի, էս մի քանի թերթն էլ կփակեն, էս երկրի վրա գերեզմանաքար կդնեն ու հանգիստ կապրեն»,-ամփոփեց Արմինե Օհանյանը:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Արթուր Գրիգորյանի հետ` պարզելու, թե ինչու նույն «Հրապարակ»-ի հետ համագործակցած, Արմինե Օհանյանի եւ, առհասարակ, իր համար դժվար օրերին (երբ նրա եւ երկու այլ փաստաբանների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` դատավորի դեմ դեմարշ անելու համար) մամուլի աջակցությունը զգացած փաստաբանը գերադասեց գնալ 3 հայտնի օլիգարխներից 3 անգամ ավել արժանապատվությունը փոխհատուցելու պահանջ ներկայացնելու ճանապարհով: Սակայն, հարցված փաստաբաններից ոչ մեկը չուներ նրա հեռախոսահամարը, իսկ նրա ընկեր, փաստաբան Արա Զաքարյանը հաղորդեց, որ ոչ մի կերպ չի կարողանում կապվել նրա հետ:
ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆՈՈՒ ՀԱՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ