Ինձ ոչ-ոք ոչինչ չի պարտադրել․ Լոռու մարզպետը՝ իր աշխատանքից ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարին հայրենի գործադիրում մեկնարկել է պաշտոնանկությունների շքերթով:

Հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց էր կատարել Լոռու մարզ, ինչը մի շարք միջադեպերով էր ուղեկցվել, Փաշինյանն էլ իր հերթին շատ դժգոհություններ էր հայտնել մարզ շրջայցի ընթացքում: Լոռու մարզ այցից հետո կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

ArmLur.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է Արամ Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, Լոռի կատարած այցի հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով ազատեց ձեզ աշխատանքից, ո՞րն էր պատճառը, ինչի՞ց էր դժգոհ Փաշինյանը:

-Դա իմ որոշումն է եղել, իմ դիմումի համաձայն եմ ես ազատվել աշխատանքից: Հունվարի 3-ին եմ դիմում գրել, Կառավարության հունվարի 4-ի որոշման համաձայն էլ ազատվել եմ աշխատանքից: Ինձ որևէ մեկը չի պարտադրել դիմում գրել, նման բան գրել:

-Պարո՛ն Խաչատրյան, բայց հավաստի տեղեկություններ կան, որ Փաշինյանի այս որոշումը անսպասելի է եղել ողջ թիմի, այդ թվում՝ ձեզ համար: Եվ դուք էլ, կառավարությունում լսելով նրա այս որոշման մասին, անակնկալի եք եկել:

-Ինձ համար անակնկալ չի եղել, ես նորից եմ կրկնում՝ ես դեռ ամսի 3-ին եմ աշխատանքից ազատման դիմում գրել, ինչու պետք է անակնկալի գայի:

-Իսկ ո՞րն է եղել պատճառը, որ որոշել եք թողնել պաշտոնը, հոգնել էի՞ք, թե՞ տարաձայնություններ են եղել:

-Շատ փակագծեր չեմ ուզում բացել, ես դեռ Ամանորից առաջ եմ այդ որոշումը կայացրել, իսկ արդեն տոներից հետո դիմում եմ գրել:

-Դուք նաև ՔՊ կուսակցության անդամ եք հանդիսանում, շարունակելու՞ եք անդամակցությունը կուսակցությանը։

-Ես շարունակելու եմ իմ կուսակցական գործունեությունը, ՔՊ-ին անդամակցությունս դադարեցնելու որոշում չի եղել:

-Իսկ աշխատանքի նոր առաջարկներ արդեն եղե՞լ են, ինչո՞վ եք զբաղվելու:

-Աշխատանքի առաջարկներ չեն եղել, շարունակելու եմ կուսակցական գործունեությամբ զբաղվել, իսկ նոր աշխատանքի անցնելու մասով՝ ժամանակը ցույց կտա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս