ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ մշտական հանձնաժողովներից որոշները «խորը քնի մեջ են»․ ինչո՞ւ նիստեր չեն հրավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող տարբեր հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար գործում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ:
Խորհրդարանում այժմ գործում է 12 գլխադասային հանձնաժողով:

Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ընթացքում՝ Խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետացանկով նախատեսված օրերին:
Չնայած օրենքի պահանջին՝ ArmLur.am-ն արձանագրեց, որ կան ԱԺ մշտական հանձնաժողովներ, որոնք շատ պասիվ են և վաղուց նիստեր չեն հրավիրել:
Թերևս ԱԺ ամենապասիվ հանձնաժողովը դա ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի գլխավորած Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է:

Այս հանձնաժողովը վերջին անգամ նիստ է հրավիրել նախորդ տարի՝ մարտի 17-ին: Դրանից հետո էլ հանձնաժողովը արտահերթ նիստեր չի արել:
Ուշագրավ է, որ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ նույնպես շատ պասիվ է խորհրդարանում, հազվադեպ է ելույթներ ունենում:
Մշտապես սկանդալների կիզակետում հայտնվող ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի գլխավորած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նույպես շատ պասիվ է և հազվադեպ է նիստեր հրավիրում:
Այս հանձնաժողովը վերջին անգամ նիստ է արել նախորդ տարի՝ նոյեմբերի 8-ին:

Հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը, տպավորություն է, որ շփոթել է իր պարտականությունները և մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու փոխարեն՝ հաճախ հենց ինքն է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տալիս: Վերջինիս հայտնի է իր սկանդալային վարքով, օրինակ՝ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառելու փորձով:

ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես վերջին անգամ նիստ արել է նախորդ տարի՝ նոյեմբերին, այս տարի հանձնաժողովը դեռ նիստ չի արել: ԱԺ մյուս մշտական հանձնաժողովներն արդեն այս շաբաթ նիստեր են գումարելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս