«Անպիտան հրթիռների» գործով այս պահին կալանքի տակ է միայն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ դատարան միջնորդություն է ներկայացնում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թ․-ի սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանն ազատ են արձակվել։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Քնար Մանուկյան