Ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ Արցախի շրջափակման ժամանակ, Արցախում մարդիկ շարունակում էին բոլոր դժվարություններն անտեսել և հետպատերազմյան և շրջափակված Արցախում ամուսնանալ ու ընտանիքներ կազմել:
2023թ. սեպտեմբերի վերջին իրադարձություններից հետո Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից: Շատերը հաստատվեցին Հայաստանում և Հայաստանում էլ սկսեցին նորից տուն ստեղծել, հող մշակել, ստեղծել, արարել և ընտանիքներ կազմել:
Արցախից բռնի տեղահանվելով Հայաստան՝ երկու հարազատ քույրեր՝ Ռոզալիան և Մարիամը որոշել են ամուսնանալ նույն օրը, նույն եկեղեցում:
«Սկզբից մտադիր չէինք նույն օրը ամուսնանալ, սակայն, երբ Արցախում էինք քննարկեցինք, թե ով ինչպես է պատկերացնում իր հարսանիքը և նկատեցինք, որ իմ և Մարիամի պատկերացումները շատ առումներով համընկնում են»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Ռոզալիա Պողոսյանը:
Ռոզալիան պատմում է, որ և՛ ինքը, և՛ քույրը նպատակադրված են եղել ամուսնանալ հին և պատմական վանական համալիրում: Արցախում հարսանիքները հիմնականում լինում էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, քանի որ եկեղեցին հաղթանակի սիմվոլն էր համարվում: Ռոզալիան և քույրը ևս ծրագրավորել էին Ղազանչեցոց եկեղեցում պսակադրվել, բայց քանի որ Ղազանչեցոցը գտնվում էր թշնամու վերահսկողության տակ, ուստի քույրերը որոշեցին ամուսնանալ Գանձասարի վանական համլիրում:
«Երկուսս էլ երբևէ չենք սիրել մեծ ու ճոխ հավաքույթներ, մտածում էինք մեր հարսանեկան օրը լինի միայն աղջկա տուն և տղա տուն գնալն ու եկեղեցի գնալը: Գանձասարում օրհնություն կստանայինք հետո կգնայինք Նիկոլ դումանի տուն-թանգարան, այնտեղ ավանդական ուստեստներով ու թխվածքներով կհյուրասիրեինք մեր հյուրերին, կպարեինք առաջին պարը և տորթի կտրման արարողությունը կլիներ: Ուրիշ ոչինչ չէինք պլանավորել: Հետո այնպես ստացվեց, որ հայտնվեցինք բլոկադայի մեջ, որը գնալով ավելի էր խորանում: Մտածեցինք, որ մինչև գարունը բլոկադան կավարտվի և գարնանը կամ ամռանը կամուսնանանք: Գարունը եկավ չավարտվեց, ամառը եկավ էլի չավարտվեց, սպասեցինք աշնանը: Աշունն էլ ավելի դաժան գտնվեց ….»,- հիշում է Ռոզալիան:
Ռոզալիան ասում է, որ այստեղ Արցախին փոխարինող հայրենի անկյուններ չի փնտրել, քանի որ ո՛չ Գանձասար կգտներ, ո՛չ էլ Նիկոլ դումանի տուն-թանգարան, սակայն ծրագրավորվածից ուզում էր գոնե մի մասը պահել: Հայաստանում Ռոզալիան և Արայիկը, Մարիամն ու Հարութը պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Աղջիկներն իրենք են կարել իրենց հարսանեկան զգեստը, ասում են՝ մենք ավելի լավ գիտենք մեր ներաշխարհը և մեր պատրաստած զգեստերն ավելի համահունչ կլինեն մեր էությանը:
«Այն մարդը, ով հարենիք է կորցրել չի կարող իրեն հարազատ անկյունններ փնտրել ու գտնել: Ճիշտ է՝ էլի մեր հայրենիքն է, էլի հայի միջավայր է, բայց այն նույն զգացողությունները չեն: Քանի որ ինձ համար քրիստոնեական հավատի հիմքը և արևելյան Անին միշտ եղել է Էջմիածինը, ուստի այդտեղ էլ պսակադրվեցինք: Այսքանով էլ ավարտել ենք մեր հարսանիքը: Մենք, այս պայմաններում ամուսնանալով, ցանկացել ենք նաև բոլոր այն արցախցիներին, որնք ստեղծված դժվարություններից ելնելով չեն ամուսնանում կամ հետաձգում են՝ ասել, որ մարդու երջանկությունը նյութականից չէ, այլ եթե դու իրոք սիրում ես և ուզում ես ընտանիք կազմել, ապա քեզ հերիք է միայն մի սպիտակ շոր ու Աստծո օրհնությունը: Մնացածը ունայնություն են… »
Ռոզալիան հիմա աշխատում է, ասում է, որ ամեն կերպ փորձում է հարմարվել նոր միջավայրին.
«Եթե ես Արցախում եղել եմ երջանիկ, ապա այստեղ ձգտում եմ լինել երջանիկ, իմ ամբողջ օրը վազքի մեջ է և ամեն վայրկյանս փորձում եմ հասցնել: Հասցնել գործս լավ կատարել, հասցնել տան գործերն անել, հասցնել քաղաքը ճանաչել և ուղղակի հասցնել… ու շատ շատերս, վստահ եմ, որ աշխատանքը միջոց են գտել առավել շատ ցրվելու և գոյատևելու համար, իսկ այնպես ուղեղներս անջատած օրեր ենք սպանում: Բոլորն էլ իրենց կյանքի դժվարություններն ու փորձություններն են ունեցել, մեկը պատմել է, մյուսը լուռ տարել, սա էլ թող լինի մեր նորաստեղծ ընտանիքների փորձությունները»,- ասում է Ռոզալիան:
Նանիկ Աղասյան