Քննարկվել են անցյալ տարի Սյունիքում ԿԽՄԿ-ի կատարած աշխատանքի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման մասնակիցները քննարկել են անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կատարած աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած աջակցության մասին։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին սերտ համագործակցության, փոխհամաձայնեցված աշխատանքի և հումանիտար առաքելության համար, որը հատկապես կարևոր է եղել ճգնաժամային իրավիճակներում։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պատմել են նաև Սյունիքում 2024-ի համար արդեն հաստատված ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն թե՛ տեղահանված անձանց աջակցությանը, թե՛ նրանց տնտեսական զարգացման ու ինտեգրման նախաձեռնություններին, թե՛ Սյունիքում նրանց հյուրընկալած բնակավայրերի համաչափ զարգացմանը։

Կշարունակվի նաև կազմակերպության մանդատի ներքո իրականացվող մարդասիրական առաքելությունը՝ առաջին օգնության դասընթացներ, հոգեբանական աջակցություն, ընտանեկան կապերի վերականգնում և այլն։

Մարզպետ Ռ․Ղուկասյանը նշեց այն առաջնահերթությունները, որոնք ցանկալի է ներառված տեսնել այդ ծրագրերում, ինչպես նաև ներկայացրեց ԼՂ-ից Սյունիքում հաստատվածներին աջակցելու մեխանիզմների՝ մարզային իշխանության տեսլականը։

Հանդիպման կողմերը այսուհետ ևս սերտ ու արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին»,- նշված է գրառման մեջ։




Լրահոս