Քննչական կոմիտեն հաստատում է ArmLur.am-ի տեղեկությունները․ ինչու է ավագ լեյտենանտը վերջ տվել իր կյանքին․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է նշված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի դին՝ հրազենային վիրավորումով, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը երեկ գրել էր․ Հերթական զոհը բանակում։ Սպա Միքայել Դանիելյանը, ըստ իրավապահների նախնական վարկածի, ինքնասպան է եղել։ Նա անձնական խնդիրներ է ունեցել, որի մանրամասները այս պահին նախաքննությանը չվնասելու համար չենք հրապարակում։ Միայն նշենք, որ սպան ամուսնացած էր։

Քիչ առաջ ՊՆ հայտնեց, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Հիշեցնենք, որ սա բանակում այսօրվա ընթացքում երկրորդ ողբերգական դեպքն է։




Լրահոս