«Այսօր մեր փորձերը նկուղում ենք իրականացնում». արցախյան թատրոնը՝ Արցախի բեմերից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան թատրոնի վերաբացման համար ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրանատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 1-ից թատրոնը և բոլոր պետական կազմակերպությունները, դպրոցները, համալսարանները, թատերահամերգային կոլեկտիվները, նախարարությունները և իրենց ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկները դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրանատիկական թատրոնը շարունակում է իր գործունեությունը նաև Արցախից դուրս:

Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրանատիկական թատրոնի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ թատրոնը հոկտեմբերի 18- ից նոյեմբերի 10-ը մեկնել է ԱՄՆ հյուրախաղերի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ ներկայացմամբ», և թատրոնը պատրաստվում է նոր հյուրախաղերի, որը կկայանա արդեն այս տարվա փետրվարի սկզբին։

Նրա խոսքով՝ թատրոնի վերաբացումը հնարավոր է միայն հովանավորների նվիրատվության միջոցով, սակայն այս պահին հովանավորներ չկան, և իրենք իրենց միջոցներով են փորձում պահել թատրոնը.

«Այսօր մեր փորձերը նկուղում ենք իրականացնում, բայց չենք ընկճվում, շարունակում ենք աշխատել։ Դերասանների մի մասը զբաղված են ապագայում կայանալիք բեմադրության փորձերով, իսկ մյուս մասը սպասողական վիճակում է։ Անհամբեր սպասում են, թե երբ թատրոնը կվերաբացվի»:

Արմեն Հարությունյանի խոսքով՝ այս պահին փորձում են Արցախի դերասաններին և տեխնիկական անձնակազմին տեղավորել ՀՀ տարբեր թատրոններում, որպեսզի մարդիկ եկամտի աղբյուր ունենան, մինչև Արցախի թատրոնի վերաբացումը:

Անահիտ Արզումանյան




Լրահոս