Հրազդանում մոտ 5200 բռնի տեղահանված արցախցի է հաստատվել․ ինչով են նրանք զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո մի շարք բռնի տեղահանված արցախցիներ հաստատվել են Կոտայքի մարզում, հատկապես մեծ թիվ են կազմում Հրազդան քաղաքում հաստատվածները:

«Սեպտեմբերին աշխատում էինք 24 ժամ ռեժիմով՝ հերթափոխով: Փորձում էինք ամեն կերպ օգնել մեր հայրենակիցներին և գրանցումները շուտ կատարել: Այս պահի դրությամբ Հրազդան համայնքում բնակվում է 1159 Արցախից բռնի տեղահանված ընտանիք՝ 5188 շնչով, որից Հրազդան քաղաքում 4875, Լեռնանիստում՝ 13, Ջրառատում՝ 117, Սոլակում՝ 72, իսկ Քաղսիում՝ 111: Եղել են մարդիկ, որ նախընտրել են այլ համայնք կամ քաղաք տեղափոխվել: Հիմնականում ներքին միգրացիա է եղել, գրանցման փոփոխություն»,-Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը:

Պատասխանատուն նաև նշեց, որ Հրազդան համայնքը փորձում է զբաղվածությամբ ևս ապահովել Արցախից բռնի տեղահանվածներին: Շատերն արդեն ինտեգրվել են համայնքի կյանքին. «Թափուր աշխատատեղերի ցանկն անընդհատ վերանայում ենք: Առաջնահերթ փորձում ենք օգնել մեր բռնի տեղահանված հայրենակիցներին: Այս պահին արցախցիներն աշխատանք ունեն համայնքում առկա տարբեր բնագավառներում՝ դպոցում, կարի գործարանում, խանութներում, շինարարությունում»,- ասաց Պողոսյանը:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ բռնի տեղահանված արցախցիներին պարբերաբար պետության, տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից աջակցություններ են տրամադրվում՝ սննդի, կենցաղային պարագաների, տաք վերմակների տեսքով: Պողոսյանի խոսքով՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրների կարգավորման հարցով շատ են օգնում նաև համայնքում գործող հասարակական կազմակերպությունները: Իսկ թե արդյոք համայնքն ազատ բնակֆոնդ ունի էլի բռնի տեղահանված ընդունելու՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հրազդանի համար դա ցավոտ հարց է, քանի որ այստեղ տները քիչ են, իսկ եղածն էլ բնակեցված է: Իհարկե, ունենալու դեպքում մենք ամեն հարցով պատրաստակամ ենք մեր հայրենակիցների օգնելու հարցում»:

Նանիկ Աղասյան




Լրահոս