Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն: 6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-ից 8 էպիզոդ, ախտանշանները տևում են միջինում 14 օր:
Այս մասին տեղեկասնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4 օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ` մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր: Այս մասնիկները վարակիչ են նաև օդում` արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ:
Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը:
Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը:
Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո:
Խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում:
Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում:
Ձեռքերի լվացումը, մակերեսների թաց սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն: