Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Արևմտյան ափի Ռամալլա քաղաքում գտնվող իր նստավայրում։ Այդ մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։
ԱՄՆ պետքարտուղարը Ռամալլահ է ժամանել Իսրայելի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո։ Ներկայումս Բլինքենը շրջագայում է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ փորձելով գտնել կարգավորման ընդունելի տարբերակներ Գազայում հակամարտող կողմերի համար։
Ըստ լրատվամիջոցների՝ բանակցությունները կենտրոնացած են Գազայի հատվածում տիրող իրավիճակի և Արմտյան ափին իրադրության սրման վրա։
Մահմուդ Աբբասը Ռամալլայում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ մերժում է պաղեստինցիներին իրենց հողերից բռնի տեղահանելու քաղաքականությունը՝ ինչպես Գազայի հատվածից, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափից: Նա նաև շեշտել է, որ Պաղեստինի իշխանությունները «թույլ չեն տա իրադարձությունների նման զարգացում»։ Այդ մասին հայտնում է WAFA գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ Պաղեստինի նախագահը նախազգուշացրել է Իսրայելի իշխանությունների գործողությունների վտանգավորության մասին: